‘Էդմոն Մարուքյան. Գազի թանկացման արդյունքում մարդիկ կանցնեն անտառներ կտրելուն’

1072

Գազի հնարավոր թանկացումը կհանգեցնի արտադրվող ապրանքների թանկացման, կթանկանան նաև մատուցվող ծառայությունները, ինչպես, օրինակ՝ հանրային տրանսպորտը, մյուս կողմից՝ կկրճատվի գազի սպառումը, ինչի արդյունքում մարդիկ կանցնեն անտառներ կտրելուն: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, անկուսակցական Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ օրերս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)` առաջարկելով բնակչության համար գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի, ինչի արդյունքում գազի գինը կտրուկ կբարձրանա:

Մարուքյանի խոսքով՝ կառավարությունը պետք է բանակցություններ սկսի ռուսական կողմի հետ՝ հայկական կողմի համար արդյունավետ պայմանով գազ մատակարարելու համար:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք գազի գինը միտումնավոր է  շեշտակի բարձրացվում հենց հետընտրական շրջանում՝ հետևում թողնելով նախագահական ընտրություններն ու Երևանի ավագանու ընտրությունները՝  Էդմոն Մարուքյանն ասաց.

«Ամեն ինչի հետ էլ կարող ենք կապել, որքանով ես գիտեմ՝ ամեն գարուն գազի գինը փորձել են թանկացնել: Իսկ թե ինչու է հենց գարնանը, քանի որ, իմ կարծիքով՝ ամռանը գազի թանկացումը չի երևում, այլ երևում է ձմռանը: Դրա համար արվում է գարնանը, որ թանկացումը միանգամից չզգացվի: Իսկ տնտեսական առումով՝ երբ գազը թանկացավ, անմիջապես թանկանում են  նաև արտադրվող ապրանքները»:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել է Հյուսիսային պողոտայում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին’
Հաջորդ հոդվածը‘Թիերի Անրիի հերթական հրաշալի գոլը. Տեսանյութ’