‘Էդմոն Մարուքյան. Վերադարձրե՛ք տեղափոխված հուշարձանները’

1453

«Նամակ եմ ուղղել կառավարությանը՝ վարչապետին՝ անվավեր ճանաչել այն որոշումը, որով նախատեսվում է ցուցահանդեսում ներկայացնելու նպատակով Երևան տեղափոխել պատմության և մշակույթի 63 անշարժ հուշարձան: Նամակով պահանջել եմ նաև վերադարձնել արդեն իսկ տեղափոխված հուշարձանները: Հիմնական պատճառներից է այն, որ որոշումը չի համապատասխանում կառավարության ծրագրին, ըստ որի՝ գերակա ուղղություն են համարվում մարզերի համաչափ զարգացումը և Երևանի բեռնաթափումը: Այսպես ամեն ինչը բերելով Երևան և կենտրոնացնելով այստեղ՝ չենք կարող խոսել համաչափ զանգացման մասի»: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ մյուս հանգամանքը այն է, որ որոշումն ընդունվել է առանց համայնքների բնակիչների հետ քննարկումներ անցկացնելու և նրանց կարծիքը հարցնելու, քանի որ, վերջիվորջո, չորս տարով Երևան են տարվելու նրանց սրբությունները:
«Սա չի կարող խոսել մասնակցային կառավարման և ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացների մասին: Մյուս հանգամանքն էլ այն է, որ կան բազմաթիվ բողոքներ, որ մարզերից պարբերաբար հուշարձաններ են տարվել և այլևս չեն վերադարձվել: Այժմ էլ ի՞նչ երաշխիք կա, որ 2016 թվականին հուշարձանները կվերադարձվեն իրենց նախնական վայրերը», — նշեց պատգամավորը:

Ըստ նրա՝ կառավարությունը հիմնավորում է, թե ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախությանը, սակայն, ըստ Մարուքյանի, ՀՀ անկախությունը Երևանի անկախության տոնը չէ, և պետք չէ ամեն բան կենտրոնացնել Երևանում:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Էդմոն Մարուքյանը պատկերացնո՞ւմ է, թե ինչպես են տեղափոխել կամ տեղափոխելու անշարժ հուշարձանը, վերջինս ասաց.
«Երեկ համացանցում տեսա, թե ինչպես էին փորձում տանել խաչքարը, սակայն այն կոտրվեց՝ բաժանվելով երկու մասի, այսինքն՝ էս դեպքում դա խաչքարի ապամոնտաժում էր: Այն համայնքներում, որտեղ տեղյակ չեն եղել որոշումից, տարել են առանց բնակչության իրազեկման, իսկ այն համայնքներում, որտեղ բնակիչները իմացել են, ցուցաբերել են դիմադրություն և թույլ չեն տվել տանել հուշարձանները»:

Հիշեցնենք, որ կառավարությունը սեպտեմբերի 13-ին ընդունել է որոշում՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին»՝ հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, եւ Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդես կազմակերպելու նպատակով թույլատրվել է Երևան տեղափոխել պատմության և մշակույթի՝ թվով 63 անշարժ հուշարձան: Ցուցահանդեսի ավարտից հետո` 2016թ. սեպտեմբերին, դրանք, կառավարության որոշման համաձայն, կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպը քննադատել է Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Գերմանիան առաջին անգամ պարգևատրել է Բեռլինյան պատի տակ գաղտնի անցուղիներ կառուցողներին ‘