‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ’

763

Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հանդիպում ունեցավ Եվրոպական միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշեց, որ այս հանդիպումը լավ առիթ է մտքեր փոխանակելու Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերի շուրջ։ 

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը ցանկանում է հնարավոր բոլոր ուղղություններով առաջ տանել համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ հիմնվելով այն համատեղ ձեռքբերումների և առաջընթացի վրա, որոնք վերջին տարիներին գրանցվել են Հայաստան- Եվրամիություն հարաբերություններում։ 

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ ԵՄ հետ իր հարաբերությունները կառուցելիս, նաև Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում, Հայաստանը ձգտում է ունենալ սերտ, խորը և ընդլայնված համագործակցություն` նկատի ունենալով, միաժամանակ, Հայաստանի շահերից բխող մասնակցությունն այլ ինտեգրացիոն գործընթացներին: 

Քեթրին Էշթոնը նշեց, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ։ 

Հանդիպմանն անդրադարձ արվեց Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ու Քեթրին Էշթոնն անդրադարձան Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության միջև համագործակցությանը։

Նախորդ հոդվածը‘Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել օմբուդսմենի վիճարկած նորմը’
Հաջորդ հոդվածը‘«ՄԱԿ-ն ակնկալում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում»’