‘Էդվարդ Նալբանդյանը ողջունել է ուրուգվայցի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Արցախ ‘

965

Նոյեմբերի 15-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեԼ է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի հետ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև հազարավոր կիլոմետրեր են ընկած, սակայն Հայաստանը և Ուրուգվայը մոտ երկրներ են, որոնց միավորում են ամուր բարեկամությունը և նվիրվածությունը համամարդկային արժեքներին: 

«Հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներ է տածում Ուրուգվայի հանդեպ, որն 1965թ-ին առաջինը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Այսօր էլ Դուք օտարերկրյա առաջին բարձրաստիճան պաշտոնյաներից եք, որն այցելում է Արցախ։ Մենք հատկապես ողջունում ենք Ձեր այդ քայլը, որն առանձնահատուկ գնահատականի է արժանի», — ըստ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, ասել է Հայաստանի արտգործնախարարը: 
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ Ուրուգվայը մեծապես գնահատում և կարևորում է բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Նա նշել է, որ հայերը իրենց մշակույթով, աշխատանքով և ձեռքբերումներով կարևոր ներդրում են ունեցել Ուրուգվայի զարգացման գործում:
«Մենք փոքր երկիր ենք և պաշտպանում ենք միջազգային իրավունքի սկզբունքները։ Ուրուգվայը կանի ամեն ինչ, որ պահպանի միջազգային խաղաղությունը և առաջ մղի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», – ընդգծել է Ուրուգվայի խորհրդարանի ղեկավարը։ 
Զրուցակիցներն անդրադարձել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Այս համատեքստում հատկապես կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունները, միջխորհրդարանական համագործակցությունը, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական կապերի խորացումը: 
Նախարար Նալբանդյանը զրուցակցին է ներկայացրել արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Նախորդ հոդվածը‘ՖԱՖ-ը հերքել է պառակտման մասին լուրերը’
Հաջորդ հոդվածը‘Յուլիա Տիմոշենկոն գերմանացի բժիշկների հորդորով դադարեցրել է հացադուլը ‘