‘Էդվարդ Նալբանդյանը Քուվեյթում է ‘

1000

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Քուվեյթի պետություն։ Այդ մասին iLur.am-ին հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից: Առավոտյան ԱԳ նախարարին ընդունեց Քուվեյթի Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2009 թ. Սերժ Սարգսյանի Քուվեյթ կատարած պետական այցելության շրջանակներում ձեռք բերված պայմանավավորվածությունների կատարման ընթացքը: Գոհունակությամբ նշվեց, որ Էլ-Քուվեյթում և Երևանում բացվել են երկու երկրների դեսպանատները, գործում է միջկառավարական հանձանաժողովը։

Քուվեյթի ղեկավարը դրվատանքի խոսքեր ասաց երկրում ապրող հայերի հասցեին՝ ընդգծելով, որ նրանք իրենց գործունեությամբ նպաստում են Քուվեյթի բարգավաճմանը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց հայ համայնքի նկատմամբ Քուվեյթի իշխանությունների կողմից դրսևորվող ջերմ ու հոգատար վերաբերմունքի և Քուվեյթում հայկական եկեղեցու կառուցման հարցում իշխանությունների աջակցության համար:

Քուվեյթի էմիրն ու Հայաստանի արտգործնախարարը մտքեր փոխանակեցին նաև մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ։

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Քուվեյթի վարչապետ Շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Ահմադ Ալ Սաբահի հետ հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվող քայլերը։ 

Քուվեյթի վարչապետն ու Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներին, մտքեր փոխանակեցին գործարար համաժողով կազմակերպելու հնարավորության շուրջ։ Վարչապետ Ալ Ահմադ Ալ Սաբահին ասաց, որ կառավարության առաջիկա նիստին համապատասխան հանձնարարականներ կտրվեն պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին։

Նույն օրը տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները Քուվեյթի փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի հետ։
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի համար՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Քուվեյթի հետ, ընդհանրապես արաբական աշխարհի հետ իր հարաբերությունների զարգացմանը և շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Հանդիպմանը նախարարներն անդրադարձան երկու պետությունների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության խորացմանը, բանկային, գյուղատնտեսության, առողջապահության, կրթական և մշակութային բնագավառներում կապերի զարգացմանն առնչվող հարցերի։ 

Բանակցությունների օրակարգում էին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, երկու արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, տարածաշրջանային և միջազգային հարցերը։

Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները և ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Քուվեյթի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումն՝ ի սատարումն միջազգային հանրության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի։

Հայաստանի և Քուվեյթի արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին համաձայնագիրը, որով հիմք դրվեց երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին։ 

Էդվարդ Նալբանդյանը Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահին հրավիրեց այցելել Հայաստան։ 
Էդվարդ Նալբանդյանի քուվեյթյան օրակարգում կարևոր տեղ էր զբաղեցնում նաև տնտեսական բաղադրիչը։ 

Էդվարդ Նալբանդյանի և Քուվեյթի Ֆինանսների նախարար, Հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի քուվեյթյան կողմի նախագահ Նաիֆ ֆալահ Ալ Հաջրաֆի հետ բանակցությունների ժամանակ անդրադարձ եղավ անցյալ տարի Երևանում կայացած հանձնաժողովի անդրանիկ նիստի արդյունքներին և հաջորդ տարվա առաջին կեսին Քուվեյթում գումարվելիք նիստի օրակարգի ձևավորմանն ու նախապատրաստական աշխատանքներին։ 

Հայաստանի արտգործախարարն այցելեց նաև Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամ, որտեղ հանդիպում ունեցավ հիմնադրամի նախագահ Աբդելվահաբ Ալ Բադերի հետ։ 

Հիմնադրամի ղեկավարը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրեց իր ղեկավարած կառույցի գործունեությունը և արձանագրած արդյունքները։ 

Զրույցի ընթացքում քննարկվեց հիմնադրամի կողմից Հայաստանում ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ 

Քուվեյթում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց ներկայացրեց իր այցելության արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Հայաստան — Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը և պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

  

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» նախագահը հանդիպել է Նեյմարի հոր հետ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Կոնգրեսում արշավ է սկսել Սյուզան Ռայսին պետքարտուղարի պաշտոնին նշանակելու դեմ’