‘Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միացյալ Թագավորության փոխարտգործնախարարին’

1113

Մարտի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ առավել քան քսանամյա դիվանագիտական հարաբերությունների պատմության արդյունքում կողմերի միջև համագործակցությունը կայուն հիմքերի վրա է դրվել և կա երկկողմանի շահագրգռվածություն այն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Ֆրեյզերը նշեց, որ գնալով աճում է Միացյալ Թագավորության հետաքրքրվածությունը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցության սերտացմամբ և իր այցը ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ:

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Միացյալ Թագավորության կողմից տարիների ընթացքում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած աջակցությունը: Նախարարը նաև հավելեց, որ վերջին շրջանում հատկապես բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտներում ակտիվություն է նկատվում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները:

Անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք կարևոր խնդիրների: Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, իսկ փոխնախարար Ֆրեյզերը իր հերթին նշեց, որ Միացյալ Թագավորությունը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին:

Նախորդ հոդվածը‘ՌԴ Կառավարման պետական համալսարանի՝ կաշառակերության մեջ կասկածվող ռեկտորին ազատել են աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիսը Ազատության հրապարակում (ուղիղ)’