‘Էդվարդ Նալբանդյան. Փարիզում հանդիպման գլխավոր նպատակը Ադրբեջանին կառուցողական բանակցությունների դաշտ վերադարձնելն էր’

1054

Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման գլխավոր նպատակը Ադրբեջանին կառուցողական բանակցությունների դաշտ վերադարձնելն էր: Ինչպես փոխանցում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր Ազգային ժողովում, 2013 թվականի պետական բյուջեի քննարկամն ժամանակ, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին:

«Կազանում Ադրբեջանը հետքայլ արեց: Ոչ միայն Կազանում, դրանից առաջ՝ Սոչիում, դրանից առաջ՝ Աստրախանում, հետո՝ Սանկտ Պետերբուրգում՝ մերժելով եռանախագահների առաջարկները: Ստեղծվել էր այն իրավիճակը, որ Ադրբեջանը գնում էր բանակցային գործընթացի տապալման: Սաֆարովի արտահանձնումը ևս մեկ հարված եղավ բանակցային գործընթացին»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ պետք է արվեր հնարավորը, որ բանակցությունները շարունակվեին:

Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը, ինչպես և եռանախագահող երկրները, հայտարարել են, որ տրամադրված ու վճռական են շարունակելու բանակցությունները: Անդրադառնալով Սաֆարովի արտահանձնմանը՝ արտգործնախարարն ասաց, որ այս երկու ամսվա ընթացքում որոշ փոփոխություն է տեղի ունեցել:

«Միջազգային հանրությունը համապատասխան արձագանքով արտահայտեց իր վերաբերմունքը Ադրբեջանի կեցվածքի վերաբերյալ: Չկա մի երկիր, կառույց, որը խստորեն չքննադատեց, չարտահայտեց իր վրդովմունքը այդ քայլի վերաբերյալ»,- նշեց Նալբանդյանը:

Նախորդ հոդվածը‘Պետբյուջեից 436 միլիոն դրամ կտրամադրվի՝ Մեքսիկայում, Կոնգոյում և Ինդոնեզիայում դեսպանատներ կառուցելու համար’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլորի հետ’