‘Էլինար Վարդանյան. Ժողովրդի բողոքի ալիքը խոսում է այն մասին, որ այս համակարգը արմատական փոփոխության կարիք ունի’

1200

Ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

-Տիկին Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում հետընտրական վիճակը:

-Գիտեք, այս անգամ ևս պետք է արձանագրենք, որ Հայաստանում ընտրությունների նկատմամբ հասարակական անվստահության նոր ալիք է սկսվել: Ես սա ցավով եմ ասում: Խնդիրը թեկնածուների, քաղաքական ուժերի մեջ չէ:  Խնդիրն այստեղ ընտրական համակարգի, ընտրական ինստիտուտների և մեխանիզմների նկատմամբ ժողովրդի անվստահությունն է: Յուրաքանչյուր ընտրության արդյունքում ժողովրդի բողոքի ալիքը միայն մի բանի մասին է խոսում, որ այս համակարգը արմատական փոփոխության կարիք ունի:

Իշխանությունները խոստանում էին ՀՀում անցկացնել ամենաորակյալ, ամենաազատ ու ամենաարդար ընտրությունները: Ավելին, այսօր նրանք պնդում են, թե իրականացրել են այդ խոստումը: Ձեր կարծիքով այդպե՞ս է, թե՞ ոչ:

-Մենք չպետք է թերագնահատենք մեր հասարակությանը: Մեր քաղաքացիները ամեն ինչ շատ լավ տեսնում են, շատ ճիշտ գնահատում: Եվ յուրաքանչյուր ընտրությունից հետո առաջացող բողոքը, երբեմն ոչ այնքան բարձր, երբեմն էլ հասարակական ալիքի տեսքով, վկայում է ճիշտ, գիտակցված գնահատականի մասին:

Չնայած ԲՀԿ որոշմանը` նախագահի ընտրություններում թեկնածու չառաջադրելու եւ որեւէ մեկին չսատարելու մասին, այնուամենայնիվ, որոշ ԲՀԿականներ հայտարարեցին Ս. Սարգսյանին սատարելու մասին, կարծես թե` աշխատում էին նրա օգտին: Կարելի է ենթադրել, որ նրանք ևս մասնակցեցին ընտրախախտումներին, կեղծիքներին:

— Ես մեծ գոհունակությամբ նշում եմ, որ ԲՀԿ բոլոր կառույցները խստորեն հավատարիմ մնացին կուսակցութան քաղխորհրդի որոշմանը: Սա մեզ համար կարևոր ցուցանիշ է: Միևնույն ժամանակ եղան անհատներ, ովքեր հրապարակային հայտարարեցին իրենց քաղաքական նախասիրությունների մասին: Եթե նրանք մասնակից են եղել ընտրախախտումներին և կեղծքիներին, ապա դա արդեն ոչ թե ԲՀԿ-ի խնդիրն է, այլ` իշխանությունների և իրավապահների:

Հետընտրական պրոցեսներ են սկսվել, ԲՀԿն մասնակցելո՞ւ է արդյոք այդ պրոցեսներին, մանավանդ, որ ընտրությունների արդյունքում 2-րդ տեղը գրաված թեկնածուն` Րաֆֆի  Հովհաննիսյանը նաեւ ԲՀԿին է հրավիրում հրապարակ:

-Ես հետընտրական պրոցեսները համարում եմ տրամաբանական, քանի որ այն բազմաթիվ խնդիրները, որոնք առկա էեն հանրապետությունում, և որոնց մասին մեր կուսակցությունը բարձաձայնում է ԲՀԿ վերջին համագումարից սկսած, բերում են այսպիսի հետևանքների: Եվ եթե մենք շարունակելու ենք թաքնվել այդ խնդիրներից, և լուծումներ չենք տալու, ժողովրդին այլևս ոչինչ չի մնում: Չի կարող սոցիալապես անապահով, իրավունքները ոտնահարված քաղաքացին անվերջ սպասել, թե վերջապես երբ են անդրադառնալու նաև իր խնդիրներին, վերջապես երբ են հիշելու իրեն: Սա ժողովրդի իրավունքն է, մարդու իրավունքն է, և ես միայն հարգանքով եմ վերաբերում իրավունքներին տեր կանգնելու այս մղմանը: Այդուհանդերձ ես գտնում եմ, որ հետընտրական պրոցեսների զարգացման միակ լուծումը`  խնդիրների բաց քննարկումն է: Որևէ բաժանարար գիծ չպետք է լինի հասարակության տարբեր շերտերի միջև:

Ի դեպ, այս ընտրություններում երրորդ տեղում անվավեր ձայներն էին: Ձեր կարծիքով սա ինչի՞ մասին է խոսում:

-Սա ևս մեկ անգամ վկայում է իմ կողմից մատնանշած ընտրական գործընթացների հանդեպ հասարակական անվստահության մասին: Քաղաքացին նախընտրում է անվավեր դարձնել իր քվեն, որպեսզի այն չկիրառվի իր համար արդեն հայտնի կեղծման մեխանիզմներով: Սա վկայում է  հասարակության մեջ կուտակված և համառորեն լուծում չստացող զգալի պրոբլեմների  մասին: Սա շատ մտահոգիչ է: ԲՀԿ-ն հենց այդ խնդիրների վերհանման և լուծման մեջ է տեսնում իր առաքելությունը: Ինչը մենք անպայման անելու ենք համախոհ քաղաքական ուժերի հետ  միասին:

Եթե հետադարձ հայացք գցենք, չե՞ք փոշմանել, որ չեք մասնակցել այս ընտրություններին:

-Քաղաքականության մեջ փոշմանելը գործոն չէ: Որպես անհատ ես գտնում եմ, որ Գ. Ծառուկյանը ուներ փայլուն հնարավորություն երկիրը առաջ տանելու համար: Բայց ես գտնում եմ նաև, որ այսօր էլ ու առաջիկայում ԲՀԿ-ն Ծառուկյանի գլխավորությամբ ունի հսկայական դերակատարում և , անշուշտ, նաև պատասխանատվություն պետության և ժողովրդի առաջ:

 

Արման Գալոյան

 

 

Նախորդ հոդվածը‘ Օլանդը շնորհավորել է Ս. Սարգսյանին եւ հիշեցրել չափազանց երկար տեւած ԼՂ հիմնախնդրի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Կկայանա «Գրանիշ» հանդեսի նոր համարի շնորհանդեսը’