‘Էլինար Վարդանյան. Սահմանադրական փոփոխությունները արհեստական օրակարգ ստեղծելու նպատակ ունեն’

2353

Zham.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ.

Տիկի՛ն Վարդանյան, երեկ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, այդ բարեփոխումները պատրանք անվանեց, «ժողովրդին շեղելու փորձ» և հայտարարեց, որ Հայաստանին Սահմանադրության փոփոխություններ պետք չեն, և դրանք չեն բխում ՀՀ քաղաքացիների շահերից: Ինչպե՞ս եք վերաբերում այդ տեսակետին:

— Ես լիովին կիսում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի Ձեր կողմից մատնանշած բնորոշումները: Իրականում այսօր Սահմանադրական բարեփոխումների հասարակական պահանջարկ չկա, սա արհեստական օրակարգ է, և պատահական չէ, որ շատերի մոտ այն հիմնավոր կասկածներ է առաջացնում: Խոսել սահմանադրական փոփոխությունների մասին այն պահին, երբ միջազգային տարբեր հեղինակավոր կառույցների կողմից հետազոտությունների արդյունքում Հայաստանի տնտեսությունը իր պատվավոր տեղն է զբաղեցնում աշխարհի վատագույն տնտեսությունների առաջին հորիզոնականներում, երբ արտագաղթն այնպիսի ահագնացող տեմպերի է հասել, որ դրա մասին կրկին բարձրաձայնելը դեժավյուի տպավորություն է թողնում, երբ բարեկեցությունը շատերի համար այլևս անիրատեսական է թվում, իմ գնահատմամբ, չի տեղավորվում բանականության շրջանակներում: Կարծու՞մ եք,այս բոլոր խնդիրների լուծումը սահմանադրական բարեփոխումներով է պայմանավորված, իհարկե՝ ոչ:

Դուք խոսեցիք հասարակական պահանջի մասին, բայց այսօր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներ են ընթանում ՀՀ տարբեր մարզերում:

— Ինձ համար դա հերթական զավեշտներից մեկն է: Եվ ես իհարկե լավ հասկանում եմ, որ դա իմիտացիա ստեղծելու նպատակ ունի և կարծում եմ ՀՀ քաղաքացիներն էլ միամիտ չեն, և ամեն ինչ շատ ճիշտ գնահատում են: Ինչպես եք պատկերացնում այդ քննարկումները մարզերում, երբ այսօր մարզերի բնակիչների գլխավոր խնդիրն է դարձել պաշտպանել իրենց տնտեսությունը տարբեր բնական աղետներից՝ կարկուտից, քամուց, երբ մարզերի բնակիչների մեծ մասը արտագաղթել է Հայաստանից հացի խնդիր լուծելու համար, երբ սահմանամերձ բնակավայրերում մարդիկ ապրում են ամենօրյա գնդակոծությունների տակ: Հիմա ես եմ ուզում հարցնել, արդյո՞ք, այս մարդկանց որևէ կերպ մտահոգում է կամ կմտահոգի սահմանադրությունը, արդյոք, այս մարդիկ իրենց խնդիրների լուծումը կապում են սահմանադրության փոփոխությունների հետ: Ու՞մ ենք փորձում խաբել. ինքներս մե՞զ:

Իսկ ինչպիսին է Ձեր դիրքորոշումը Սահմանադրական բարեփոխումների բովանդակության վերաբերյալ:

— Գիտեք ես երբևէ չեմ անդրադարձել փոփոխությունների բովանդակությանը, և այս անգամ ևս զերծ կմնամ այն քննարկելուց: Այս պահին փոփոխությունները արհեստական օրակարգ ստեղծելու նպատակ ունեն, ուստի անիմաստ է մտնել բովանդակային քննարկման մեջ:

Կարծում եմ, որ ցանկացած գաղափար կարող է քննարկման առարկա դառնալ, բայց դա պետք է արվի ճիշտ պահին, գուցե չորս-հինգ տարի անց, այլ մթնոլորտում, տնտեսական զարգացման այլ աստիճանում: Նախաձեռնել Սահմանադրության փոփոխություններ ընդունելի է միայն համերաշխության մթնոլորտում, այլ ոչ թե կասկածների, ինչպիսին առկա է այսօր:

Երևի թե կկրկնվեմ, բայց Սահմանադրական բարեփոխումներ պետք է կատարվեն միայն այն պահին, երբ առկա է դրա հասարակական պահանջարկը: Մի առիթով պարոն Ծառուկյանը տվել էր հետևյալ բնորոշ ձևակերպումը, որ աշխատանքից հետո, երբ մարդ գնում է տուն, ուզում է տուն տանել երեխաների համար սնունդ, ծերերի համար դեղորայք, և այդ պահին նրան ամենևին էլ չի մտահոգում Սահմանադրությունը: Եվ ես առաջարկել եմ և առաջարկելու եմ, որպեսզի ԲՀԿ-ն աշնանը Երևանում և մարզերում կազմակերպի հանրահավաքներ՝ հասկանալու ժողովրդի մոտեցումը, լսելու նրանց մտահոգությունները և տեսակետը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Պետք է անմիջապես ժողովրդից հարցնել, արդյո՞ք այսօր իրենց առջև ծառացած աշխատանքի, զբաղվածության խնդիրը, գազի և էլեկտրաէներգիայի համար վճարումների ծանր բեռը, աղետներից կրած վնասները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով: Պետք է անմիջապես ժողովրդից լսել, արդյո՞ք այսօր վերջիններս սպասում են սոցիալ-տնտեսական վիճակի անհապաղ կարգավորման, արդարության վերականգնման, արտագաղթի կանխման, աղքատության վերացման, թե՝ սահմանադրական փոփոխությունների:

Նախորդ հոդվածը‘Իշխանությունները չգիտեն ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության ձգձգման պատճառները ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. Ամենահարուստ ոչ օրինականն ու «ամենաաղքատ» օրինականը ‘