‘Էլ-Բարադեյը կկանգնի դատարանի առջև՝ փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու համար’

852

Եգիպտոսում դատական հայց է ներկայացվել նախկին փոխնախագահ Մոհամեդ էլ-Բարադեյի նկատմամբ ՝ երկրի վստահությունը չարաշահելու մեղադրանքով, հաղորդում է Reuters-ը: Հայցը ներկայացրել է Հելուանի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Սայեդ Աթեքը: Պրոֆեսորի կարծիքով՝ էլ-Բարադեյը, հրաժարական տալով նախկին նախագահ  Մոհամեդ Մուրսիի կողմնակիցների ճամբարները ցրելու պահին, Եգիպտոսը անբարենպաստ լույսի ներքո է ներկայացրել աշխարհի հանրությանը: Էլ-Բարադեյի՝ պաշտոնը լքելու որոշումը, ըստ հայցվորի, տպավորություն է ստեղծել, թե իշխանությունները չափից ավելի մեծ ուժ են կիրառում ցուցարարների դեմ:

Դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 19-ին: Էլ-Բարադեյին սպասվող պատժաչափի մասին չի հաղորդվում՝ եթե դատարանը բավարարի հայցը:

Նոբելյան մրցանակակիր և Եգիպտոսի ազատական ընդդիմության ղեկավարներից մեկը հանդիսացող Մոհամեդ էլ-Բարադեյն արտաքին տնտեսական հարցերով փոխնախագահ էր նշանակվել հուլիսի 9-ին՝ երկրի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից մի քանի օր անց: Նախապես ծրագրված էր, որ նա զբաղեցնելու է ժամանակավոր վարչապետի պաշտոնը, սակայն այդ նշանակման դեմ հանդես եկավ Եգիպտոսի խոշորագույն իսլամիստական կուսակցությունը:

Օգոստոսի 14-ին՝ ոստիկանության և բանակի կողմից Մուրսիի կողմնակիցների ճամբարները ցրելու գործողության մեկնարկից մի քանի ժամ անց, ինչն ուղեկցվում էր մարդկային զոհերով, էլ-Բարադեյը հայտարարեց, որ հրաժարական է տալիս, քանի որ չի կարող «կիսել այն որոշումների պատասխանատվությունը, որոնց հետ համաձայն չէ», փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Բարում կողոպտել են իրանցուն’
Հաջորդ հոդվածը‘Հենրիկ Մխիթարյանը դեմ չէ մենամարտել Արթուր Աբրահամի հետ. հարցազրույց’