Էկվադորի բանտերում բանդաները հաշիվներ են մաքրում միմյանց հետ

432

Էկվադորի կալանավայրերում ծաղկում է զինված բռնությունը, և բանտերի վարչակազմերը ոչինչ չեն կարողանում անել դրա դեմ։

Այս տարվա սկզբից քրեական հաշվեհարդարների ժամանակ զոհվել է մի քանի հարյուր կալանավոր։ Ամենատխրահռչակը Լիտորալ բանտն է օվկիանոսի ափին, երկրի խոշոր նավահանգստային Գուայակիլե քաղաքում։

Սեպտեմբերի 28-29-ին այստեղ տեղի ունեցած կոտորածը առանձնանում է իր ծավալով, բայց ամենևին էլ միակը չէ։ Ընդամենը մեկ ամիս դրանից առաջ զանգվածային ծեծկռտուքի ժամանակ  թիվ 2 մասնաշենքում սպանվել էր 20 կալանավոր, փետրվարին՝ ևս 20 հոգի։

Էկվադորի բանտային համակարգը տարիներ շարունակ տառապում է կադրերի պակասից և վատ կառավարումից։

«Կարծում եք՝ քանի՞ աշխատակից է հսկում ութ հազար կալանավորներին։ Ընդամենը մոտավորապես 80»,- ասում է Գուայաս նահանգի ղեկավարը։

Ըստ օրենքի՝ բանտի աշխատակիցները զինված չեն և անպաշտպան են բանդիտների դեմ, որոնք կարողանում են զենք մտցնել կալանավայր։

«Չոներոս», «Լոբոս» և «Տիգրոնես» քրեական բանդաները վերահսկում են բանտի 12 մասնաշենքերը՝ յուրաքնաչյուրն իր մասով։ Նրանց գլխավոր բիզնեսը թմրավաճառքն է։ Նրանք կոկաինի միջազգային և ներքին շուկաների համար պայքարում են մեքսիակական «Սինալոա» և «Հալիսկո» խմբավորումների դեմ, բայց նախևառաջ՝ միմյանց դեմ, և շարունակում են պայքարը նաև ճաղերի ետևում։

«Բանտերը, ըստ էության, կառավարում են կալանավորները, դրանք դարձել են միմյանց հետ հաշիվներ մաքրելու վայրեր։ Միջազգային թմրակարտելների մեջ մտնող բանդաներն ավելի լավ են զինված, քան ոստիկանությունը»,- պարզաբանել է նախկին ոստիկան, իսկ այժմ ընդդիմադիր քաղաքական գործիչ և բանտային համակարգի փորձագետ Աբրահամ Կոռեան՝ նշելով, որ ամեն ինչի հիմքում կոռուպցիան է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄի՞թե ընթրիքին պանիր ուտելը տարօրինակ երազներ տեսնելու պատճառ է
Հաջորդ հոդվածը6 հազար կանաչ լույս․ Գերմանիայում խնդրում են ընդունել ներգաղթյալներին