‘Էմիլ Բուդաղյան. Լիսկայի մերձավորները սուտ տեղեկություններ են տարածում’

1755

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած «Լիսկայի գործով» դատական նիստին Բուդաղյանների ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ներկայացրեց սպանված Ավետիք Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի հայտարարությունը՝ կապված վերջերս տարածված տեղեկությունների հետ, որոնց համաձայն՝ Բուդաղյանների ընտանիքը փորձում է հաշտվել Խաչատրյանների հետ.

«Էմիլ Բուդաղյանի անունից լիազորված եմ հայտարարել, որ վերջին ժամանակներս Սուրիկ Խաչատրյանի կամ նրա շրջապատի կողմից տարածվում են տեղեկություններ, ըստ որի՝ Բուդաղյանները հաշտվել են կամ հաշտման ճանապարհին են Խաչատրյանների ընտանիքի կամ նրանց մերձավորների հետ: Նման բան ոչ միայն չկա, այլև չի էլ կարող լինել. Էմիլ Բուդաղյանը կամ Արտակ Բուդաղյանի հարազատներից որևէ մեկը հաշտվելու ոչ մտադրություն, ոչ էլ ցանկություն չունի Խաչատրյանների հետ, չի հաշտվելու որևէ դեպքում, որևէ տարբերակով և բոլոր պարագաներում շարունակելու է պնդել, որ Սուրիկ Խաչատրյանը և նրա մերձավորներից նրանք, ովքեր մեղավոր են, պետք է ենթարկվեն ամենախիստ քրեական պատասխանատվության, որքան էլ որ այս գործի ընթացքը երկար տևի, որքան էլ որ բարդ լինի դրան հասնելը, Էմիլ Բուդաղյանը լի է վճռականությամբ, որ բոլոր մեղավորները, այդ թվում՝ նաև այս գործի պարտակողներ,ը ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Եթե որևէ խոսակցություն է տարածվում՝ Բուդաղյանների հաշտվելու հետ կապված, ապա դա ապատեղեկատվություն է և ծառայում է Խաչատրյանների նպատակներին»,- եզրափակեց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը մեղադրվում էին այս տարվա հունիսի 1-ին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության և նրա եղբորը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին վիրավորելու համար: Քննչական մարմինը «հիմնավորել էր», որ Խաչատրյանի և Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, որի հիման վրա դադարեցվել էր հետապնդումը:  

 

Նախորդ հոդվածը‘Դժգոհ են բոլորը, բողոքում են քչերը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ Երևանի կոմիտեի կոչը երևանցիներին’