‘Էմոմալի Ռահմոնը վերընտրվել է Տաջիկստանի նախագահի պաշտոնում’

759

Տաջիկստանի ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ երկրի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը նախագահական ընտրություններում ստացել է քվեների 83,6 %-ը և վերընտրվել չորրորդ յոթնամյա ժամկետով: Ռահմոնի հաղթանակի մասին ավելի վաղ  հայտարարել է նաև նրա ղեկավարած Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը՝ պնդելով, որ իրենց դիտորդների տրամադրած տվյալներով՝ Ռահմոնն ստացել է քվեների մոտավորապես 85 %-ը, իսկ մյուս թեկնածուները՝ 5 և ավելի քիչ տոկոս: Ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակվելու են քվեարկությունից հետո տասնօրյա ժամկետում: Ընտրություններին մասնակցությունը, ըստ Տաջիկստանի ԿԸՀ-ի, կազմել է 86,6 % (3 միլիոն 640 հազար ընտրող): ԿԸՀ-ն հայտարարել է, որ ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների:

Մինչդեռ տարօրինակ զուգադիպությամբ՝ հենց ընտրությունների օրը մի քանի ինտերնետ-փրովայդերներ, առանց նախապես զգուշացնելու, արգելափակել են YouTube-ը: Ինտերնետ-ընկերությունների ղեկավարները արգելափակումը բացատրել են տեխնիկական պատճառներով, սակայն նաև չեն հերքել, որ կառավարական կապի ծառայությունից հրահանգ են ստացել փակել որոշ կայքեր, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում համայնքապետերի համար դասընթացներ են անցկացնում ‘
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը մեկնում է Ֆրանսիա’