‘Էպոսագետ թեկնածու. Րաֆֆին մասոն է, իսկ մասոններն ուզում էին սպանել Հայրիկյանին’

2473

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպվել է Արեւմտյան Եվրոպայում գործող մի մասոնական կազմակերպության կողմից, որի անդամներից են նաեւ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը եւ ինքը՝ Րաֆֆին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախագահի մեկ այլ թեկնածու՝ Վարդան Սերդակյանը:

Նրա խոսքով, իր նշած կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է՝ Արեւելյան Եվրոպայի երկրներում իշխանության բերել «իր» մարդկանց:

«Սցենարն այսպիսին էր. ֆիզիկապես ոչնչացվում էր Պարույր Հայրիկյանը, նախագահի ընտրությունները խափանվում էին, դրանցից դուրս էր մղվում միակ ազգային թեկնածուն՝ (նկատի  ունի իրեն-խմբ.), եւ եթե ոչ այս ընտրություններին, ապա հաջորդին նախագահ էր դառնում Րաֆֆին, եւ Հայաստանը դառնում էր միանշանակ ամերիկյան կողմնորոշմամբ երկիր», — ասաց Վարդան Սեդրակյանը՝ նշելով, որ հենց այդ սցենարի իրականացմանն է ուղղված Հայրիկյանի գործով կալանավորված «ինչ-որ կաֆելշիկի եւ տաքսու վարորդի» անձերն իր անվան հետ կապելը:

Նա կասկած հայտնեց, որ գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք մեղավոր են: «Ոչ մի ապուշ մահափորձ չի անի, հետո գնա տուն՝ զենքը հանձնի կնոջը՝ թե պահի», — նշեց Սեդրակյանը:

iLur.am-ի հարցին, այսինքն, Սեդրակյանը կարծում է, որ ՀՀ ԱԱԾ-ը նույնպե՞ս մասնակցում է «մասոնների ծրագրին», էպոսագետը պատասխանեց, «Ես կարծում եմ, որ մեր իրավապահներին մոլորեցնում են, ուրիշ ուղղությամբ են ուզում տանել», — ասաց Վարդան Սեդրակյանը, միաժամանակ վստահեցնելով, որ իրավապահները «վերին աստիճանի պրոֆեսիոնալ են»:  

 

Նախագահի թեկնածուն, իր ներկայացրած սցենարն ավելի համոզիչ դարձնելու համար նշեց, որ 1992-ին «32-ամյա անփորձ ամերիկահային հենց այնպես չնշանակեցին ԱԳ նախարարի պաշտոնում», իրականում, ըստ նրա, մասոնները հենց այդ ժամանակվանից են իրագործում Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահ դարձնելու իրենց ծրագիրը:

Վարդան Սեդրակյանը առաջարկեց լրագրողներին առիթի դեպքում հարց ուղղել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ թե քանի՞ անգամ է վերջինս հանդիպում ունեցել Սեդրակյանի հետ 2002-ի դեկտեմբերին, ի՞նչ նպատակներով, եւ ի՞նչ հարցեր են քննարկվել:

«Միայն մի բան կարող եմ ասել. այդ հանդիպումներից մեկի ժամանակ ես ասացի նրան՝ քանի դեռ ես կամ, դուք Հայաստանի նախագահ չեք դառնա, քանի որ ես գիտեմ՝ դուք ինչ կառույցից եք եւ ինչ նպատակներ ունեք», — ասաց Սեդրակյանը:  

 

 

Նախորդ հոդվածը‘Amnesty Internatinal ընկերության ցնցող սոցիալական գովազդը՝ ընդդեմ մահապատժի (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Սարկիսովը «Վոլգայի» կազմում դարձել է գոլի հեղինակ’