‘Էջեր Հայոց պատմության բուհական դասագրքից. Սաշիկ Սարգսյանի դիսպետչերանոցում էին պլանավորում ամենավճռական ճակատամարտները’

1613

Ինչպես եւ խոստացել էինք, շարունակում ենք ընթերցողին ներկայացնել հատվածներ «Հայոց պատմության» բուհական դասագրքից, որը լույս կտեսնի արդեն 2013-ին՝ ԿԳՆ դրական եզրակացությունից հետո: Եւ այսպես.

«…Առաջինը զգալով պղտոր ջրում ձուկ որսալու աննախադեպ հնարավորությունը՝ 1988 թվականի մայիսին մի խումբ քրեական տարրեր, նախապես հանցավոր համաձայնության գալով, ստեղծեցին, այսպես կոչված՝ «Ղարաբաղ» կոմիտեն եւ վարպետորեն քողարկվելով ազգային կարգախոսների ետեւում՝ սկսեցին հետեւողականորեն ապակայունացնել իրավիճակը: Իրավապահ մարմինները, սակայն, կարողացան ժամանակին իրացնել օպերատիվ հետախուզական տվյալները եւ արդեն 1989 թվականի հունվարին վնասազերծեցին հանցախմբի անդամներին՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանքը:

Ավելի ուշ կասկածելի հանգամանքներում ազատության մեջ հայտնված ոճրագործներին, այնուամենայնիվ, հաջողվեց զանգվածային ընտրակեղծիքների արդյունքում զավթել իշխանությունը: Արդյունքում՝ ՀՀ նախագահ դարձավ նախկինում դատված Լ.Հ.Տեր-Պետրոսյանը , ԳԽ նախագահ՝ նախկինում դատված Բ.Գ.Արարքցյանը, ՆԳ նախարար՝ նախկինում դատված Վ.Ս. Սիրադեղյանը եւ այլն:

Իշխանությունը զավթելուն պես հանցախմբի անդամները ձեռնամուխ եղան երկրի տնտեսությունը քանդելուն եւ հանրային ունեցվածքի թալանին: Զուգահեռաբար, բանակցություններ էին վարվում նաեւ Ղարաբաղը վաճառելու շուրջ, սակայն համազգային ընդվզման շնորհիվ այդ հանցավոր ծրագիրը ձախողվեց:

…Պատերազմի ամենածանր տարիներին, երբ վերոհիշյալ հանցախումբը զբաղված էր Հայաստանի թալանով եւ Ղարաբաղը ծախելու շուրջ գաղտնի բանակցություններով, ինքնաբուխ ձեւավորված հայկական բանակը մեկը մյուսի հետեւից փայլուն հաղթանակներ էր տանում ռազմաճակատում:

Հայաստանի տարածքում կամավորական ջոկատների ստեղծման եւ սահմանամերձ շրջանների պաշտպանության համակարգումն իրականացնում էր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը, ով կոնսպերատիվ նկատառումներով ներկայանում էր որպես Աբովյան-Բալահովիտ երթուղային ավտոբուսի շարքային վարորդ, բայց իրականում հենց նրա դիսպետչերանոցում էին պլանավորում ամենավճռական ճակատամարտներն ու պատերազմի ռազմավարության հիմնական ուղղությունները:

Իսկ հայկական զինված ուժերի փաստացի գերագույն.գլխավոր հրամանատարը Սերժ Ազատի Սարգսյանն էր, որի իմաստուն ղեկավարության ներքո էլ հայկական ուժերը, ի հեճուկս իշխանությունը բռնազավթած հանցախմբի եւ ազգուրաց ՀՀՇ-ի, մեկը մյուսի հետեւից ազատագրում էին դաշտային Արցախը…»:

«Չորրորդ Ինքնիշխանություն»

Նախորդ հոդվածը‘2012թ. Հայաստանի լավագույն մարզիկների եւ թիմերի անունները’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կանցկացվի Փարիզում’