‘Էսիե՞ն, թե՞ Մոդրիչ. արդյո՞ք Մոուրինյոն կանցնի երկու կառուցողով խաղի’

1108

Դորթմունդի «Բորուսիա»-ի դեմ առաջին հանդիպման սկզբում, մադրիդցիների հիմնական կազմի կառուցող հենակետայիններից մեկի՝ Սեմի Խեդիրայի վնասվածքը պորտուգալացի մարզչին կանգնեցրեց լուրջ խնդրի առաջ՝ շարունակել խաղալ նույն սխեմայո՞վ, թե՞ անցնել երկու կառուցողով խաղի. երկընտրանք, որի լուծման համար Մոուն պատրաստվել էր ամառվանից, երբ ակումբի ղեկավարներից պահանջեց «Տոտենհեմ»-ից ձեռք բերել Լուկա Մոդրիչին: Չկարևորելով նրա թանկ տրանսֆերային արժեքը՝ 40 մլն €, Կակայի՝ թիմում մնալու փաստն ու այն, որ խորվաթ «փլեյմեյկեր»-ին ոչ ոք հիմնական կազմում տեղ չէր խոստանում:

Խնդրի մասին ավելի լայն պատկերացում կազմելու համար հարկ է անդրադառնալ Մոուրինյոյի գլխավորած բոլոր այն թիմերին, որտեղ նա հաջողությունների է հասել՝ խաղալով կենտրոնում նմանատիպ դասավորությամբ, որով այժմ խաղում են մադրիդցիները:

«Պորտու»

\"\"

Իր առաջին խոշոր մրցանակը նվաճելուց անցել է արդեն 9 տարի, բայց շատերի համար դեռևս անհասկանալի է թվում այն, թե ինչպես Մոուին հաջողվեց հաղթել սկզբից ՈՒԵՖԱ-ի, իսկ հետո ՉԼ-ի խաղարկությունում: Չարախոսները կարող են հիշել «Պորտու»-ին ձեռք մեկնած մրցավարներին, ովքեր «Մանչեսթեր»-ի և «Դեպորտիվո»-ի դեմ խաղերում մեծապես օգնեցին պորտուգալացիներին հաղթանակ տանել, բայց մրցավարների գործոնը կարելի է նկատել Մոուի բոլոր թիմերում՝ թե՛  հօգուտ և թե՛ ի վնաս իր գլխավորած թիմերի, այնպես որ անցնենք մեր խնդրին:

Առաջին հերթին պետք է մի կողմ դնել այն կարծիքը, որ «Պորտու»-ն նման հաջողության կարողացավ հասնել միջին կարգի խաղացողներով: Կարելի է ուղղակի հիշել, թե ովքեր են լքել վերջին տարիներին պորտուգալական թիմը, և մտովի պատկերել, թե ինչպիսի հզոր թիմ կստացվեր, եթե նրանք հավաքագրվեին նույն թիմում: Մոուրինյոյի թիմը 2002-ից մինչև 2004-ը գործում էր, կոպիտ ձևակերպմամբ՝ «4-3-3»-ի իր տարատեսակով, որը ավելի շատ նման էր «4-3-1-2»-ի, վառ արտահայտված «մեդիապունտա»-ով («փլեյմեյկեր», «տրեկվարտիստա», «էնգանչե»): Կենտրոնական գոտում խորը, պաշտպանությանը շատ մոտ խաղում էր Կոշտինյան, ում նման այդ տարիներին խաղում էին, օրինակ` Տակինարդին, Մարչենան, հետագայում՝ Ռաֆա Մարկեսը և Էդմիլսոնը, իսկ մեր օրերում որպես օրինակ կարելի է բերել Խավի Մարտինեսին և Ալեքս Սոնգին, ովքեր, միևնույն է, կառուցողական գործողություններին ավելի շատ են մասնակցում, քան Կոշտինյան: Կոշտինյայի առջևում, հակառակորդի կիսադաշտին մոտ խաղում էր այդ տարիների լավագույն «փլեյմեյկեր»-ներից մեկը` Դեկուն, ով միակն էր կենտրոնական խաղացողներից, որ գրեթե ազատ էր պաշտպանական գործողություններով զբաղվելուց: Նրանց արանքում գործում էին Մանիշեն և Պեդրո Մենդեշը, ովքեր բացի կենտրոնը վերահսկելուց՝ առաջադրանք ունեին փակել նաև եզրերը:

«Չելսի»

\"\"

Լոնդոնում Մոուն, իր ձեռքի տակ ունենալով է՛լ ավելի բարձր խաղամակարդակի խաղացողներ, սկսեց օգտագործել ընդամենը մեկ վառ արտահայտված հենակետայինով սխեման: Մակելելեն ցեմենտում էր ամբողջ իր գոտին, իսկ նրա առջևում գործող Լեմպարդն ու Էսիենը կիսում էին թիմի «ուղեղի» դերը, որտեղ Լեմպարդը շատ ավելի միտված էր գրոհի, իսկ գանացին այն օղակն էր, որի շնորհիվ Մոուի թիմը փայլուն կերպով, շատ արագ կարողանում էր անցնել դաշտի կենտրոնը: Այդ հարցում նրան օգնում էին բարձր արագության տիրապետող «վինգերներ» Դաֆն ու Ռոբենը: 2006-ից սկսած՝ իր հետագա մեկ ու կես տարիների ընթացքում Մոուն կենտրոնը հաճախ վերափոխում էր՝ ունենալով Բալակին և Լեմպարդին, իսկ հենակետային գոտու համար օգտագործում էր Օբի Միկելին, Մակելելեին և Էսիենին: Այս ընթացքում սկսեց տուժել թիմի եզրային խաղը, որտեղ Կալուն ու Քոուլը այդպես էլ չկարողացան լիարժեք փոխարինել Դաֆին և Ռոբենին: Պետք է նշել, որ պորտուգալացուն խաղային հստակ սխեմայի ձևակերպան հարցում շատ էր խանգարում Անդրեյ Շևչենկոյի առկայությունը թիմում, ում տեղը հիմնական կազմում պնդում էր Ռոման Աբրամովիչը:

Միլանի «Ինտեր»

\"\"

«Ինտեր» տեղափոխվելիս ինքնահռչակ «առանձնահատուկ»-ը ստացավ լիարժեք ազատություն բոլոր առումներով: Միլանյան ակումբում Ժոզեին հաջողվեց նաև կատարելագործել իր թիմերին բնորոշ՝ կենտրոնն արագ անցնելու ունակությունը: Այստեղ նա ամբողջովին ամրապնդեց իր պաշտպանական ֆուտբոլի տեսակետը, որտեղ կար նաև հստակ ընդգծված «ուղեղ»՝ ի դեմս Ուեսլի Սնեյդերի: Նրա ետևում գործող Տյագո Մոտտան և Կամբիասոն զբաղված էին առավելապես պաշտպանական գործողություններով: Առանձնակի դեպքերում Մոտտան առաջադրանք էր ունենում փակել Ձանետիի բաց թողած գոտիները ձախ եզրում, իսկ Կամբիասոն երբեմն զբաղվում էր մեր օրերում գրեթե վերացող «աշխատանքով»` հակառակորդի՝ գլխավոր վտանգ ներկայացնող խաղացողի անհատական վերահսկմամբ: «Ինտեր»-ում Մոուն ներքին առաջնությունում փորձում էր նաև երկու կառուցողով տարբերակը՝ Սնեյդերի կողքին օգտագործելով նաև Ստանկովիչին, բայց, միևնույն է, այս տարբերակը այսպիսի պաշտպանական թիմում բացառվում էր հիմնականը լինելուց: Իտալական թիմում հաջողությունների գլխավոր պատճառներից մեկն էլ Ժոզեի սաների անհավանական կարգապահությունն էր, որպես օրինակ կարելի է հիշել թե ինչպես էր Սամուել Էտո’օի նման աստղը «Բարսելոնա»-ի դեմ կիսաեզրափակչում խաղում  եզրային պաշտպանի դիրքում:

«Ռեալ Մադրիդ»

\"\"

Իր ներկայիս ակումբում անցյալ մրցաշրջանում Ժոզեն կենտրոնն անցնելու իր թիմերի առավելությունը գրեթե հասցրեց կատարելության, և նույնիսկ Պեպ Գվարդիոլան նշեց, որ երբեք այդ առումով ավելի ուժեղ թիմ չի տեսել, բայց կարևոր և բարդ խաղերում, որոնք այդքան էլ շատ չէին անցյալ մրցաշրջանում, թիմը մեծապես տուժեց հենց «ուղեղ» չունենալուց: Տարածություններ ստանալը մադրիդցիների համար ներքին առաջնության բազմաթիվ «տգետ» թիմերի դեմ՝ այդքան էլ բարդ չէ, բայց տակտիկապես ուժեղ և որակապես շատ ավելի բարձր թիմերի դեմ ամեն ինչ շատ ավելի է բարդանում: Հիշենք Մոուրինյոյի «Ռեալ Մադրիդ»-ի խաղերը ՉԼ-ի «փլեյ օֆֆ» փուլում: 2011-ին նրանք առանց որևէ դժվարության հաղթահարեցին արդեն անկում ապրող Լիոնի «Օլիմպիկ»-ին և ՉԼ-ում անփորձ «Տոտենհեմ»-ին, իսկ արդեն կիսաեզրափակչում բոլոր առումներով զիջեցին «Բարսելոնա»-ին: Անցյալ խաղաշրջանում ևս կիսաեզրափակիչ հասան շատ հեշտ ճանապարհով՝ առանց որևէ դժվարության հաղթելով Մոսկվայի ԲԿՄԱ-ին և Նիկոսիայի ԱՊՈԵԼ-ին: Իսկ ահա հերթական գրանդի` Մյունխենի «Բավարիա»-ի դեմ չկարողացան օգտագործել իրենց ուժեղ կողմերը, իսկ միակ գոլը խփեցին խաղից դուրս վիճակից:

Մեսութ Օզիլը իհարկե համարվում է մեր օրերի լավագույն «մեդիապունտա»-ներից մեկը, բայց նա, բացի իր խաղն անընդհատ սրելու անդադար փորձերից՝ գրեթե ոչնչով չի հիշվում, բացի դրանից՝ թուրքը դեռ վերջնականապես չի կայունացել և ոչ միշտ է լավ մարզավիճակում գտնվում: Հենց այդ պատճառով Մոուն թիմ հրավիրեց Մոդրիչին: Խորվաթը Օզիլից շատ ավելի հասուն, տակտիկապես ավելի հմուտ և, ինչը շատ կարևոր է` ավելի խելամիտ և հանգիստ խաղացող է: Մոդրիչը հենց իր դեբյուտի խաղում՝ Բարսայի դեմ Իսպանիայի սուպերգավաթում, սկսեց ցույց տալ նմանատիպ դասավորվող խաղում իր առավելությունները:  

Երեքշաբթի կայանալիք «Բորուսիա»-ի դեմ խաղում Ժոզեն հերթական անգամ հնարավորություն ունի կարևոր մեկնարկային կազմում դուրս բերել Օզիլին և Մոդրիչին, առաջինը կարող է սրել, իսկ երկրորդը վերահսկել և հանդարտություն հաղորդել թիմակիցներին: Մադրիդցիների երկրպագուներն իհարկե կնախընտրեն մեկնարկային կազմում Խեդիրայի փոխարեն տեսնել հենց խորվաթ ֆուտբոլիստին, այլ ոչ Էսիենին, բայց հաշվի առնելով Մոուի զգուշավորությունը՝ դա այդքան էլ հավանական չի թվում: Ամեն դեպքում՝ Մոդրիչի համար այս հանդիպումը հիանալի հնարավորություն է՝ ապացուցելու Մոուրինյոյին իր կարևորությունը թիմի համար, այլապես հարց է առաջանում նրան թիմ հրավիրելու անհրաժեշտության մասին: Վախ կա նաև, որ նրա հետ կարող է պատահել այն, ինչ տեղի ունեցավ Կակայի հետ:

Դավիթ Քիրամիջյան

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ քաղաքացիները չեն քվեարկում դեսպանատներում ‘
Հաջորդ հոդվածը‘Բաքուն բողոքի նոտա է հղել Ավստրալիային՝ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու կապակցությամբ ‘