‘Էս շարժման պարտությունը Հայաստանի պարտությունն է լինելու’

4024

2003-ի փետրվարից ընդդիմադիր շարժումների մեջ եմ՝ մեր փոքրիկ երկրում համապետական ազատ ու արդար ընտրություն տեսնելու երազանքով: Ու ընթացքում հասցրեցի մի շատ պարզ, բայց գեղեցիկ աքսիոմա վերջապես հասկանալ. հասարակության աջակցությունն ակնկալող և դրա վրա հենվող ցանկացած գործընթաց լրացնելու, փոփոխելու, ուժեղացնելու, մաքսիմալ թափանցիկ ու ժողովրդավարական դարձնելու միակ արդյունավետ ճանապարհը դրան ՄԱՍՆԱԿՑԵԼՆ Է:

Ակնհայտ է, որ Հայաստանում ուժեղ թափով նոր ու մեծ մի շարժում է սկսվելու: Վստահ եմ՝ կան ու կլինեն մտահոգություններ, վախեր՝ բա որ էս, բա որ էն, բա որ արդյունքում սա լինի, նա գա, էն մյուսը չգա և այլն:

Էդ բոլոր մտահոգությունները, եթե իսկապես անկեղծ են, ապա դրանք փարատելու, դրանց համար ընդունելի լուծումներ գտնելու, գոնե հարցը քո ուզած հունով թեքելու ամենառեալ ու գործնական տարբերակը էդ շարժմանը միանալն է ու էդ մտահոգությունների մասին ներսում արդեն պրոցեսի մասնակցի ավելի զորեղ ձայնով անընդհատ բարձրաձայնելը, մյուս մասնակիցների հետ բանակցելը, քո մտահոգության շուրջ քեզ նոր դաշնակիցներ փնտրելն ու համոզելն է: Եթե քո պատկերացրած խնդիրներին ազնվորեն լուծումներ ես փնտրում, պիտի մտնես ընդհանուր գործի մեջ: Հակառակ դեպքում հայտարարություններդ ու ելույթներդ միայն դիտվելու են որպես կողքից ճղճղոց ու ոչ քեզ էն օգուտ բերելու, ոչ էլ որևէ խնդիր է լուծվելու:

Ես օրինակ պնդում եմ, որ անհապաղ պետք է առաջինը բարեփոխվի Ընտրական օրենսգիրքը՝ ընտրացուցակները մաքրվեն մեռելներից ու բացականերից, քվեարկությունը անպայման լինի մատի թանաքոտմամբ, քվեարկությունից հետո ստորագրված ընտրացուցակները հրապարակվեն, տեսախցիկներ տեղադրվեն տեղամասերի մուտքի մոտ և այլն, որպեսզի այսուհետ միշտ իսպառ բացառվեն կեղծիքները: Դրանից հետո ուզում ա Հաղարծին-Դիլիջան երթուղու վարորդ Սիսակն ընտրվի նախագահ, արդեն էական չի, որովհետև Սիսակին փոխելու մեխանիզմն առկա կլինի: Մնացած դրական փոփոխություններն արդեն տեխնիկայի հարց կլինեն:

Իսկ «Ինչխ լավն է Կարմիր գիրքը» ՀԿ-ն միանում է շարժմանը պնդելով, որ իշխանափոխությունից անմիջապես հետո անպայման պետք է օրենք ընդունել հայկական մուֆլոնի որսն արգելելու մասին:

Էս նույն ոգով ամեն մի միավոր պիտի իր օրակարգը վերցնի ձեռքը ու գա կպնի գործին: Ու սա էդ գործը որակապես միմիայն կբարելավի:

Պետք է հասկանալ, որ ներկային, անցյալին, ապագային վերաբերող բոլոր հարցերի պատասխանները տրվելու են միայն ժողովրդի իշխանություն ձևավորվելու արդյունքում:

Էլ բարոյական, մարդկային ռեսուրս չի ունենում մեր երկիրը: Էս շարժումը եթե պարտվեց, ինչպես ընկերներիցս մեկը երեկ ասեց, «սաղ փագելու են էթան»: Հիասթափության ալիքը արտագաղթը եռապատկելու է: Էս շարժման պարտությունը Հայաստանի պարտությունն է լինելու:

Սամվել Թեյմուրազյան

https://www.facebook.com/samvelt?fref=ts

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական վարկածը կրկին նույնն է. Մարտական հերթապահության կանոնները խախտելը’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. Շնորհավորում եմ Ռոյսին և «Բորուսիային»’