‘Էրդողանը կոչ է անում մասնակցել նախագահական ընտրություններին’

988

Թուրքիայի վարչապետը արտասահմանում բնակվող քաղաքացիներին կոչ է արել մասնակցել նախագահական ընտրություններին, այսօր տեղեկացրել է TRT Haber հեռուստաալիքը:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիայում նախագահական առաջիկա ընտրություններն առանձնանում են նրանով, որ ոչ թե խորհրդարանն է ընտրում նախագահին, այլ ժողովուրդը, և ոչ թե յոթ, այլ հինգ տարով: «Յուրաքանչյուր ձայն նշանակություն ունի»,- ասել է Էրդողանը:

Նախագահական ընտրությունները Թուրքիայում նշանակված են 2014 թ. օգոստոսի 10-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չհավաքի ձայների 51 %-ը, ապա օգոստոսի 24-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը:

Փոխվարչապետ Բյուլենթ Առինջիը հայտարարել է, որ թուրք ժողովրդի աջակցությունը և տեղական ինքնակառավարության մարմինների ընտրությունների արդյունքները հիմք են տալիս պնդելու, որ վարչապետ Էրդողանը կարող է ընտրվել նախագահ:

Հունիսի 16-ին Ժողովրդական հանրապետական կուսակցությունը նախագահական ընտրություններում առաջադրել է Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածությունը: Վերջինիս թեկնածությունն են պաշտպանում ևս երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ Մեծ միասնության կուսակցությունը և Դեմոկրատների կուսակցությունը:

1943 թ. ծնված Իհսանօղլուն 2004-2013 թթ. եղել է Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը: Փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինացի 12 դեսանտայիններ զոհվել են Կրասնի Լեմանի մատույցներում’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում կվերականգնվեն պետական հեղաշրջման գործով արդարացված զինվորականների կոչումները ‘