‘Էրդողանը կվերացնի պետական հիմնարկներում հիջաբ կրելու արգելքը’

875

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում քաղաքական բարեփոխումների ծրագիր է հայտարարել, մասնավորապես,  ըստ վարչապետի՝ շուտով կվերացվի պետական հիմնարկներում հիջաբ կրելու արգելքը, հաղորդել է Reuters գործակալությունը: Հիջաբ կրելու արգելքը կվերացվի միայն իրավապահ մարմինների և զինված ուժերի աշխատակցուհիների համար, փոխանցում է Hurriyet Daily News-ը: Բարեփոխումների մի ամբողջ փաթեթ կվերաբերի ազգային փոքրամասնություններին: Քրդերին թույլ կտրվի վերականգնել բնակավայրերի պատմական քրդական անվանումները, կվերացվի քրդական այբուբենի կիրառման արգելքը: Բացի այդ՝ ոչ պետական դպրոցներում կարելի է ուսուցումը վարել համայնքի լեզվով, փոխանցում է Associated Press-ը: Մի քանի միջոցառումներ  կբարելավեն նաև ասորիների վիճակը:

Էրդողանն առաջարկել է նաև խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը 10 տոկոսից իջեցնել 5-ի կամ էլ առհասարակ վերացնել: Ենթադրվում է, որ դա կօգնի քրդամետ քաղաքական կուսակցություններին, որոնք մեծ աջակցություն են վայելում առանձին շրջաններում, սակայն համապետական մակարդակով չեն կարողանում անհրաժեշտ թվով ձայներ հավաքել, փոխանցել է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հյու Լորին թողնում է դերասանական կարիերան՝ հանուն երաժշտության’
Հաջորդ հոդվածը‘Իսլամական հեղափոխության պահապանների առաջնորդը քննադատել է Ռոհանիին’