‘Էրդողանը պարտվեց. թուրք ընդդիմադիր լրագրող’

1505

«Էրդողանը պարտվեց»,-Թուրքիայի Գերագույն դատարանի վճռով անցյալ շաբաթ բանտից դուրս գալուց հետո բացականչել է երկու ընդդիմադիր լրագրողներից մեկը:

Ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթի լրագրողներ Ջան Դունդարը և Էրդեմ Գյուլը ձերբակալվել էին 2015 թ. նոյեմբերին՝ պետական գաղտնիք հրապարակելու և դավաճանության մեղադրանքով:

«Մեր նախագահը սովոր չէ պարտվել,- հայտարարել է Ջան Դունդարը Ստամբուլում կայացած մամլո ասուլիսում:- Փոխանակ ի գիտություն ընդունի դատարանի որոշումը, նա դրանից համազգային ճգնաժամ է սարքում՝ հայտարարելով, թե չի ընդունում դատարանի վճիռը: Սա թուրքական պետության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահը նման հայտարարություն է անում»:

Դատարանի որոշմանը համաձայն չլինելու մասին Էրդողանի հայտարարությունն իրավաբանորեն անընդունելի է, քանի որ Թուրքիայի Գերագույն դատարանն օժտված է վերջին խոսքի իրավունքով:

Այնուհանդերձ՝ Էրդողանին պաշտպանել է նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ հայտարարելով, թե դատարանի որոշմամբ խախտվել է սահմանադրությունը:

Թուրքական բանտերում նմանատիպ գործերով դեռևս 10 լրագրող կա, և Դունդարի ու Գյուլի գործով վճիռը կարող է նախադեպ դառնալ նրանց ազատագրման համար ևս: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’
Հաջորդ հոդվածը‘ՊԵԿ-ն արդեն ղեկավար ունի’