‘Էրդողանի ամերիկյան այցի ընթացքում Կոնգրես է ներկայացվել Ցեղասպանության ճանաչման հերթական բանաձեւը’

794

ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմը, Դեւիդ Վալադաոն և Ֆրենկ Փալոնեն երեկ ներկայացրել են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև` «Հայոց ցեղասպանություն. Ճշմարտություն ու արդարություն» վերտառությամբ: Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի (ANCA) փոխանցմամբ՝ բանաձեւը ներկայացվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ամերիկյան այցի ժամանակ: Բանաձեւն ԱՄՆ նախագահին կոչ է անում աշխատել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ՝ հիմնված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիովին ճանաչման վրա: 

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է այս նախաձեռնությունը: Մայքլ Գրիմը հայտարարել է, որ գրեթե 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում դաժանաբար սպանվել են 1.5 միլիոն հայ տղամարդիկ, կանայք և անմեղ երեխաներ. «ԱՄՆ-ը համայն աշխարհում պաշտպանում է մարդու իրավունքներն ու արդարությունը, եւ մեր սրբազան պարտքն է վերջնականապես ճանաչել Հայոց ցեղասպանության անարդարությունները»: Կոնգրեսական Ադամ Շիֆն իր հերթին հայտարարել է. «Պատմական փաստերը քաջ հայտնի են. 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ միտումնավոր սպանել են 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց եւ երեխաների: Յուրաքանչյուր օր մենք կորցնում ենք այն վերապրած ևս մի քանի մարդու: Մենք բոլորս պետք է մեծապես շտապենք եւ մեր բարոյական պարտքը համարենք Հայոց ցեղասպանության՝ միանշանակ ու առանց ձգձգման ճանաչումը»: Ֆրենկ Փալոնեն էլ հայտարարել է, որ վաղուց հասունացել է Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես ճանաչելու պահը: 

Նախորդ հոդվածը‘Դեվիդ Բեքհեմի 65 գոլը տուգանային հարվածից’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Հայաստանն Իրանից գազ բերելու հարցում ինքնիշխան չէ՞’