‘Էրդողանն Ասադին անվանել է ահաբեկիչ, իսկ Քերին գովաբանել է’

858

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Hurriyet թերթին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին համարում է ահաբեկիչ և կարծում է, որ նա այլևս նշանակալի քաղաքական ֆիգուր չէ: «Ասադն ահաբեկիչ է, որը պետական ահաբեկչություն է իրականացնում: Ես պարզ եմ արտահայտվում. մարդը, որն սպանել է իր ժողովրդից 110 հազար հոգու, նա ահաբեկիչ է»,- հայտարարել է նա Անկարայում Հնդկաստանի նախագահի հետ հանդիպումից հետո: «Չեմ պատկերացնում մեկին, ով կգովաբանի Ասադին»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

 Մինչդեռ այդպիսի մարդ կա, և Էրդողանը չէր կարող չիմանալ այդ մասին: Երեկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գովասանքների էր արժանացրել Բաշար Ասադին ՝ այն բանից հետո, երբ Սիրիայում սկսվել էր քիմիական սպառազինության ոչնչացման առաջին գործողությունը: «Կարծում եմ՝ չափազանց կարևոր է, որ բանաձևի ընդունումից մեկ շաբաթ անց քիմիական զենքի մի մասն արդեն ոչնչացվել է,- Ինդոնեզիայում Ասիական-խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի մամլո ասուլիսում հայտարարել էր Քերին ու հավելել,- կարծում եմ՝ դա խոսում է հօգուտ Ասադի, քանի որ բանաձևն անհապաղ իրականացվում է: Չեմ երաշխավորում, որ առաջիկա ամիսներին էլ այդպես կշարունակվի, սակայն սա լավ սկիզբ է, և մենք պետք է ողջունենք այն»,- պետքարտուղարի խոսքերն է փոխանցում MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայում խաղաղ երթերն ավարտվել են բռնություններով’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի նախագահը Յանուկովիչից պահանջում է ազատ արձակել Յուլյա Տիմոշենկոյին ‘