Էրդողան․ Թուրքական հետախուզությունը Սիրիայում ոչնչացրել է ԻՊ-ի առաջնորդին

272

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմել է, որ երկրի հետախուզական ծառայությունները հետևել և ոչնչացրել են «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Հուսեյն ալ Կուրաշիին։

Այդ մասին Էրդողանն ասել է թուրքական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Ըստ նրա՝ ջիհադականի ոչնչացման գործողությունը տեղի է ունեցել Սիրիայում շաբաթ օրը, իսկ թուրքական MIT հետախուզությունը Կուրաշիին վաղուց էր հետևում։

Ոչ մի լրացուցիչ տեղեկություն Էրդողանը չի հայտնել, իսկ այս պահի դրությամբ նրա խոսքի ոչ մի անկախ հաստատում չկա։

«Մենք դա չենք կարող հաստատել։ Մենք տեղեկություններ չունենք, որոնք կհաստատեին այդ պնդումը»,- ամերիկյան վարչակազմում անկախ աղբյուրի խոսքն է մեջբերել  «Ամերիկայի ձայնի» թղթակիցը։

Թուրքական Anadolu գործակալությունը երկուշաբթի օրվա երկրորդ կեսին սոցցանցերում տեղադրել է տեսագրություն և Սիրիայի հյուսիսում գտնվող մի տան լուսանկար, որտեղ «սպանվել է ահաբեկիչը»։ Սակայն այդտեղ բացի ավերված տնից՝ ոչ մի այլ բան տեսնել հնարավոր չէ։

ԻՊ-ի առաջնորդի պաշտոնում Կուրաշիի նշանակման մասին խմբավորումը հաղորդել է անցած տարեվերջին, երբ նրա նախորդը, որի անունը նույնպես Կուրաշի էր, սպանվել էր։ Ամերիկյան հատուկ նշանակության ծառայությունը հայտնաբերել էր այն վայրը, որտեղ թաքնվում էր ԻՊ նախկին առաջնորդ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Կուրաշին։ Փոխհրաձգությունից հետո ջիհադականը գործի էր դրել պայթուցիկ սարքը, ինչի հետևանքով զոհվել էր իր ընտանիքի անդամների հետ միասին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այն ժամանակ հայտարարել էր, որ այդ գործողության ընթացքում «չեզոքացվել է ամբողջ աշխարհին սպառնացող լրջագույն ահաբեկչական վտանգը»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄայիսմեկյան ցույցեր Ֆրանսիայում․ վիրավորվել է 100-ից ավելի ոստիկան
Հաջորդ հոդվածըԼեհաստանում ՌԴ դեսպանատունը երկրի ԱԳՆ-ին բողոքի նոտա է հանձնել