‘Էրդողան. Թուրքիայում կատարվող դեպքերի ետևում ներքին և արտաքին ուժեր են կանգնած’

806

Թուրքիայում կեղտոտ գործողություններ են կատարվում, հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այսօր հաղորդել է Anadolu գործակալությունը: Ըստ Էրդողանի՝ վերջին երկու օրերին Թուրքիայում կատարվող գործողությունների ետևում կանգնած են ներքին և արտաքին ուժեր: Նա նաև նշել է, որ երկրի կառավարությունը մինչև վերջ հետաքննելու է ստեղծված իրավիճակը:

Իսլամական ազդեցիկ հասարակական գործիչ Ֆետհուլլահ Գյուլենը, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, հերքել է իր մասնակցությունը Թուրքիայում կատարվող իրադարձություններին, այսօր հաղորդել է թուրքական Zaman թերթը: Ըստ Գյուլենի՝ այժմ Թուրքիայում հզոր քարոզչություն է տարվում իր և իր համախոհների դեմ:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները գրել էին, թե երկրում տեղի ունեցող դեպքերի ետևում հենց Գյուլենն ու իր կողմնակիցներն են կանգնած: Դրա պատճառը իշխող կուսակցության հայտարարությունն է՝ այն ուսումնական հաստատությունները փակելու վերաբերյալ, որոնք վերահսկվում են Գյուլենի համախոհների կողմից:

 Հիշեցնենք, որ Թուրքիայի ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել երկրի մի շարք քաղաքներում, ինչպես՝ Անկարայում և Ստամբուլում, որոնց արդյունքում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է 52 մարդ, այդ թվում՝ գործարարներ և մի քանի նախարարների որդիներ, փոխանցում է Trend-ը:

 

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ն, բնականաբար, հակասահմանադրական դրույթներ չգտավ գազային պայմանագրերում ‘
Հաջորդ հոդվածը‘ Երևանի ՋԷԿ-ը հազիվ թե 2014-ին անցնի քարածխի միջոցով էլկտրաէներգիայի արտադրությանը’