‘Էրիթրեացի երկու օդաչուներ առևանգել են նախագահի ինքնաթիռը և փախել երկրից’

899

Էրիթրեայի նախագահին սպասարկող ավիաջոկատի երկու օդաչուներ՝ կապիտաններ Իոնաս Վոլդիբն ու Մեքքոնեն Դեբասաին, փախել են Սաուդյան Արաբիա՝ առևանգելով պետության ղեկավարի անձնական ինքնաթիռը, հաղորդում է NEWSru Israel-ը:

Նախագահի առևանգված ինքնաթիռը հոկտեմբերի 2-ին վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայի արևմտյան Ջիզան քաղաքի օդանավակայանում: Ընդ որում՝ ճանապարհին նրան ուղեկցել են սաուդյան երկու F-15 կործանիչներ, որոնք ինքնաթիռը դիմավորել են Կարմիր ծովի վրա: ժամանումից անմիջապես հետո օդաչուներն ապաստան են խնդրել, ինչը նրանց տրամադրվել է, ճշտում է Jazan News-ը: Ներկայումս դասալիքների գտնվելու վայրն անհայտ է:

Ըստ որոշ տվյալների՝ օդաչուները մասնակցել են  էրիթրեական վարչակարգի ամենանրբին առաքելություններին, մասնավորապես՝ նախագահի հրամանով  զենք են մատակարարել  Սոմալիի իսլամիստական «ալ-Շաբաբ» խմբավորմանը, որն ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում և հայտնի է «Ալ-Քաիդայի» հետ իր կապերով:

Սա դասալքության և Էրիթրեայից փախչելու առաջին դեպքը չէ. նման դեպքեր եղել են նաև 2004, 2006 թվականներին, իսկ 2010 թ. էրիթրեացի 20 սպաներ  փախել էին հարևան Եթովպիա:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը ստորագրել է զորակոչի-զորացրման մասին հրամանագիր ‘
Հաջորդ հոդվածը‘Պորտուգալացի ծաղրածուի բացօթյա ելույթները Երևանում (տեսանյութ)’