Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» եւ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը սրտի վիրահատությունից հետո առաջին մարզումն է անցկացրել, սակայն դանիական «Օդենսե» ակումբում։
Իտալիայի ֆուտբոլային իշխանությունները թույլ չէին տվել Էրիկսենին պրոֆեսիոնալ ֆուտբոլային գործունեությամբ զբաղվել Իտալիայում, քանի դեռ նրա կրծքավանդակում տեղադրված է սրտի ռիթմը կարգավորող կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր։
Կրիստիան Էրիկսենը «Օդենսեում» հանդես է եկել 2005-2008 թվականներին։
«Մենք շատ ուրախ ենք Էրիկսենին տրամադրել մարզվելու հնարավորություն։ Նա դիմել է մեզ այդ հարցով եւ այժմ մարզվում է ընդհանուր խմբից առանձին»,- «Օդենսեի» ներկայացուցիչներից մեկի խոսքը մեջբերում է The Athletic-ը։
Էրիկսենը հայտնել էր, որ ցանկանում է վերսկսել կարիերան հաջորդ մրցաշրջանում։ Նրան վերադարձնելու ցանկություն էր հայտնել նաեւ Ամստերդամի «Այաքսը», որի երիտասարդական եւ գլխավոր թիմերում հանդես է եկել 2009-2013 թվականներին։ «Ինտերը» հայտարարել էր, որ դեմ չէ նրա տեղափոխությանն այլ ակումբ։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի հանդիպման ժամանակ Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը և մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել հիվանդանոց:
Նրա սիրտը մի քանի վայրկյան կանգ էր առել: Էրիկսենի կրծքավանդակում տեղադրվել է կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր, որը կանխում է կյանքին սպառնացող սրտային առիթմիաները եւ սրտի կանգը։
Իտալիայում արգելված է մասնակցել պրոֆեսիոնալ մրցումների կարդիովերտեր-դեֆիբրիլյատորով մարզիկներին։