Ընդդեմ միջուկային պատերազմի

612

Ռուսաստանի, Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ պաշտոնապես միջուկային զենքի տիրապետող հինգ երկրների առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ միջուկային պատերազմի և սպառազինության մրցավազքի անթույլատրելիության մասին։

«Մենք հայտարարում ենք, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթուղթն ընդունվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա ասել է, որ հայտարարությունը նախապատրաստվել է Նյու Յորքում հունվարի 4-ին մեկնարկելիք՝ Միջուկային զենքի չտարածման Պայմանագրի վերաբերյալ համաժողովին ընդառաջ։ Թեպետ համաժողովի մեկնարկը հետաձգվել է, հինգ տերությունների առաջնորդները որոշել են հրապարակել հայտարարության տեքստը։

Զախարովան հույս է հայտնել, որ այս փաստաթուղթը կնպաստի աշխարհում լարվածության թուլացմանը։

Մինչդեռ Միջուկային զենքի ոչնչացման միջազգային ընկերության գործադիր տնօրեն Բեաթրիս Ֆինը կասկածում է միջուկային տերությունների անկեղծությանը։

«Ինչպես Գրետա Թունբերգն ասաց՝ «Բլա-բլա-բլա»։ Նրանք այդ «հաճելի» հայտարարությունը գրում են, իսկ իրականում անում են ճիշտ հակառակը։ Նրանք մասնակցում են սպառազինությունների մրցավազքին, միլիարդներ են ծախսում զինանոցների արդիականացման վրա և միշտ էլ պատրաստ են սկսել միջուկային պատերազմ»,- Twitter-ում գրել է Ֆինը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըApple-ի շուկայական արժեքն անցել է 3 տրիլիոն դոլարից
Հաջորդ հոդվածըԱՄՆ կոնգրեսականի ակաունտը արգելափակվել է