‘Ընդդիմադիր գործիչ. Սահակաշվիլու որդին մասնակցել է Իվանիշվիլու հանրահավաքներին ‘

939

Համաձայն վրացական մամուլում տեղ գտած որոշ պնդումների՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ավագ որդի Էդվարդը գաղտնի կերպով մասնակցել է սեպտեմբերի 29-ին կայացած այն (ժամանակ դեռ ընդդիմադիր)  «Վրացական երազ» դաշինքի վերջին հանրահավաքին:

Վրաց քաղաքական գործիչ Պետրե Մամրաձեն «Ալիա» պարբերականին տված  հարցազրույցում պնդել է, թե արևային ակնոցով և գլխաշորով ծպտված Էդվարդը հանրահավաքի ժամանակ իրենից մի քանի քայլ այն կողմ է եղել, սակայն ինքը չի մոտեցել պատանուն՝ չցանկանալով բացահայտել նրա ներկայությունը: Մամրաձեի ասելով՝ ավելի ուշ տղայի համադասարանցիները հաստատել են, որ նախագահի որդին իսկապես իրենց հետ մասնակցել է ընդդիմության հանրահավաքին:

«Ընտանիքը Միշային (նախագահ Սաակաշվիլիին) համոզում է ինչքան հնարավոր է՝ շուտ հրաժարական տալ»,- հայտարարել է Պետրե Մամրաձեն, որ նախկինում զբաղեցրել է Վրաստանի երբեմնի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի խորհրդականի պաշտոնը:

Նշենք, որ Նողաիդելին և Մամրաձեն Վրաստանում հայտնի են ռուսամետ տրամադրություն տարածող գործիչներ: Մասնավորապես, նախորդ տարի Վրաստանի խորհրդարանի նիստի ժամանակ պատգամավորներից մեկը Մամրաձեին հաարվածել էր այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել էր, որ 2008-ի ռուս-վրացական պատերազմը «Վրաստանի սադրանքն էր»:

Նախորդ հոդվածը‘Խոշոր հարկատուների համար նոր ՀԴՄ-ների ներդրման ժամկետը երկարաձգվեց ‘
Հաջորդ հոդվածը‘«Չենք լռելու»-ն դեմ է պատմության հուշարձանները Երևան տեղափոխելու որոշմանը’