‘Ընդդիմությունը կդիմի ՍԴ՝ ԴԱՀԿ լիազորությունները հակասահմանադրական ճանաչելու հայցով ‘

1299

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ստորագրահավաք են նախաձեռնել՝ ԴԱՀԿ գործունեությունը կարգավորող մի շարք օրենսդրական դրույթներ հակասահմանադրական ճանաչելու հայցով Սահմանադրական դատարան դիմելու համար:

ԲՀԿ խմբակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ խոսքը վերաբերում է այն օրենքներին եւ իրավական ակտերին, որոնք թույլ են տալիս ԴԱՀԿ-ին, առանց դատարանի որոշման եւ առանց բեկանման հնարավորություն տալու, տնօրինել քաղաքացիների գույքը՝ առգրավել, սառեցնել բանկային հաշիվները եւ այլն: Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ ԴԱՀԿ գործունեության հետեւանքով խախտվում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը (ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի):

Ուրիխանյանը տեղեկացրեց նաեւ, որ ժամը 16.00-ի դրությամբ անհրաժեշտ առնվազն 27 ստորագրություններն ապահովվել են, նախաձեռնության տակ ստորագրել են բոլոր ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ աշնանային նստաշրջանում ընդդիմությունը նախաձեռնեց օրենսդրական ճանապարհով ԴԱՀԿ կամայականությունները զսպելու մեխանիզմներ ստեղծել: ՀՀԿ-ական մեծամասնությունը ընդհանուր առմամբ դրական էր համարում նախաձեռնությունը, սակայն, ըստ էության, տապալեց այն:

«Այլևս պայքարի խորհրդարանական, օրենսդրական հնարավորությունը սպառվել է, եւ մենք դիմում ենք Սահմանադրական դատարան, ընդ որում,  դիմումը չափազանց լավ է հիմնավորված, հետեւաբար՝ այլ լուծում չենք կարող ակնկալել, բացի հայտը բավարարելուց, եւ նշված դրույթները հակասահմանադրական ճանաչելուց», — ասաց Ուրիխանյանը: 

Նախորդ հոդվածը‘Գ. Սահակյան. Արամ Մանուկյանը երբեւէ թշնամիների որոգայթների մեջ չի եղել նորանկախ Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Բռնության դեպքերի մտացածին շարժառիթներ ներկայացնելը կարժեզրկի բացահայտումները’