‘Ընդդիմությունը պահանջում է անդրադառնալ բռնության վերջին դեպքերին (Տեսանյութ)’

1435

ԱԺ բոլոր ոչ իշխանական խմբակցությունները պահանջում են արտահերթ նիստ գումարել վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական բնույթի բռնություններին, մասնավորապես, ազատամարտիկների եւ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակումներին:

ԲՀԿ խմբակցութւան քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանին առաջարկեց ընդհատել նախապես հաստատված օրակարգով քննարկումները եւ քննարկել երկրում ստեղծված աննախադեպ իրավիճակը, խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարներից հստակ գնահատական ստանալ թե ազատամարտիկների, թե Արամ Մանուկյանի նկատմամբ տեղի ունեցածին, այլապես, ԲՀԿ-ն բոյկոտելու է արտահերթ նստաշրջանը:

Նմանատիպ առաջարկով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ նշելով, որ ստեղծված իրաբվիճակը խիստ մտահոգիչ է:

Արտահերթ քննարկում կազմակերպելու առաջարկ արեց նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկվար Հեղինե Բիշարյանը: Նա ասաց, որ վերջին շրջանում տեղի  ունեցածը յուրաքանչյուր քաղաքացու վրա բացասական ազդեցություն է ունեցել: «Իսկ Արամ Մանուկյանի դեմ ունեցածը ապտակ է ողջ 131 պատգամավորներին», — ասաց Բիշարյանը՝ պահանջելով արտահերթ քննարկում, հակառակ դեպքում՝ սպառնալով բոյկոտով:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ նախագահին առաջարկեց խորհրդակցություն հրավիրել եւ դրա միջոցով ստեղծված իրավիճակին արձագանքի ձեւ գտնել:

Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց եւ խմբակցությունների ղեկավարներին հրավիրեց իր աշխատասենյակ:  

 

Նախորդ հոդվածը‘Կովալենկո Շահգալդյանի որդին «վերընտրվել» է Չարենցավանի քաղաքապետ’
Հաջորդ հոդվածը‘4 խմբակցություններ բոյկոտեցին ԱԺ արտահերթ նիստը’