‘«Ընկել են էժանի հետեւից». Պետությունը էպիլեպսիայով հիվանդներին անորակ դեղեր է մատակարարում’

1423

Էպիլեպսիա հիվանդությամբ տառապող,  72-ամյա Հասմիկ Հակոբյանը ավելի քան 8 տարի պետությունից անվճար լեհական արտադրության «Ֆինլեպսին» դեղամիջոց ընդունելուց հետո այժմ ստիպված է անորակ փոխարինող օգտագործել: Այս տարվա հունվարին առողջապահության նախարարության հայտարարած համապատասխան տենդերում հաղթող ընկերությունը մատակարարում է տեղական կամ հնդկական արտադրության ավելի էժան «Կարբոմազեպամ» դեղամիջոցը:  

Առաջին կարգի հաշմանդամ Հակոբյանին խնամող դուստրը` Նաիրա Երեմյանն iLur.am-ին պատմեց, որ «Ֆինլեպսինը» բավական արդյունավետ է եղել` հիվանդության սրացումները շաբաթական 2 անգամից նվազել են միչեւ ամսեկան 2-3 անգամը:

Ըստ Նաիրա Երեմյանի, «Կարբոմազեպամը» ոչ միայն չի օգնում հիվանդության սրացումները կանխելուն, այլեւ վատթարացրել է հիվանդի ընդհանուր ինքնազգացողությունը:

«Առողջապահության նախարարությունում ասում են` տենդերը շահող ընկերությունը էս ա բերում. էժանի հետեւից են ընկնում` առանց հիվանդի առողջության մասին մտածելու», — դժգոհեց Նաիրա Երեմյանը: Նրա խոսքով, նույնիսկ 90-ականներին` պատերազմի տարիներին պետությունից անվճար դեղեր, ներարկիչներ է ստացել մորը խնամելու համար:

Խնամակալը ստիպված ռուսաստանյան արտադրության դեղեր է պատվիրում ռոստովցի իր մերձավորներին, կամ բավական թանկ գնով ձեռք է բերում Երեւանի դեղատներից` դրանց վրա ծախսելով հիվանդի կենսաթոշակի զգալի մասը:

Թոշակառուի դուստրը երկու անգամ դիմում է ներկայացրել առողջապահության նախարարություն` խնդրելով արդյունավետ «Ֆինլեպսին» տրամադրել: Թե՛ նախկին, թե գործող նախարարներն ի պատասխան խորհուրդ են տվել դիմել տարածքային ամբուլատորիա` նշելով, որ եթե համապատասխան բժիշկը անհրաժեշտ համարի հիվանդի նախընտրած դեղի նշանակումը, եւ հատուկ հանձնաժողովը հաստատի նշանակումը, անհրաժեշտ դեղամիջոցը կտրամադրվի:

«Զարմանում եմ, փոխանակ հատուկ խնամակալ տրամադրեին, առողջարանային հանգստի պայմաններ ստեղծեին, զրկում են անհրաժեշտ դեղամիջոցից ու ստիպում են դռնեդուռ ընկնել», — նկատեց Նաիրա Երեմյանը:

Նա նշեց, որ նախարարությունից ստացված պատասխանը ցույց է տվել ամբուլատորիայի բժշկին: «Բժիշկս ասաց` սրանք ձեւական «ատմազկաներ» են, նախարարությունում շատ լավ էլ գիտեն, որ մենք էդ դեղը ձեզ տալու հնարավորություն չունենք»:  

Ուշագրավ է, որ առողջապահության նախարարությունը էպիլեպսիայով տառապող հիվանդներին անվճար դեղեր ձեռք բերելու համար հայտարարված մրցույթում հաղթել է փաստացի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկնող «Նատալի-ֆարմ» ընկերությունը: 

Նախորդ հոդվածը‘Էդ Ռոյս. ԱՄՆ Բաքվին պետք է ստիպի դիպուկահարներին հետ քաշել շփման գծից’
Հաջորդ հոդվածը‘Սիրուհուն խեղդամահ արած կալանավորը ինքնասպան է եղել’