‘Ընտրական հանձնաժողովի անդամին մեղադրանք է առաջադրվել’

1305

Թիվ 12/16 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանությունը մեղադրանքներ է առաջադրել թե մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած 2 անձանց եւ թե տեղամասային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչին:

Ինչպես տեղեկացնում են դատախազությունից, նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ թիվ 12/15 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Գ.Միքայելյանը եւ թիվ 12/17 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Հ.Մովսիսյանը 2013 թվականի փետրվարի 18-ին իրենց ընտրատեղամասերում ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելուց հետո՝ ժամը 14:20-ի սահմաններում, փորձել են քվեարկել նաեւ թիվ 12/16 ընտրատեղամասում:

Սակայն իրենց կամքից անկախ պատճառներով նրանք չեն կարողացել հանցագործությունն ավարտել եւ քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ, քանի որ թիվ 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նկատել է եւ կանխել։

 Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Միքաելյանին եւ Հ.Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար։ Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ռ.Ղազարյան, ով Գ.Միքայելյանին եւ Հ.Մովսիսյանին գրանցել է եւ թույլատրել ընտրողների ցուցակում այլ անձանց փոխարեն ստորագրել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու համար։

 

Նախորդ հոդվածը‘Չակ Հեյգելը կփոխարինի Լեոն Պանետային ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Trahatur a divitiarum adhortari կամ լատինախառը թվեր’