‘Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց մինչև մեկ տարի ժամկետով’

370

Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀԱԿ-ի կողմից հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացնելումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: 
Նախագծում, մասնավորապես, կային առաջարկություններ, որոնք վերաբերում էին քվեաթերթիկները որպես խիստ հաշվառման փաստաթուղթ չդիտարկելուն՝ «կարուսել» կոչվածը բացառելու համար, բութ մատի թանաքոտում՝ կրկնակի քվերակություն թույլ չտալու համար, ինչպես նաև քվեարկելու իրավունքի ընձեռում ժամկետային զինծառայության մեջ գտնվող միայն այն անձանց, ովքեր քվեարկության պահին գտնվում են զինարձակուրդում՝ իրենց հաշվառման վայրում: 
Նախագծին բացասական եզրակացություն տվեց կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ նման նախագծով ընտրակեղծիքների թիվը կավելանա, այլ ոչ թե կպակասի:
Նախագծին դեմ արտահայտվեց նաև ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: 
Լևոն Զուրաբյանն առաջարկեց իշխանության ներկայացուցիչներին հստակեցնել, թե մասնավորապես որ կետերն են կտրականապես մերժում, քանի որ ընդդիմությունը պատրաստ է հանել դրանք նախագծից, եթե, իհարկե, իշխանության ներկայացուցիչներն այդ պարագայում կողմ կքվեարկեն նախագծին:
Դավիթ Հարությունյանը, հայտնելով կոալիցիայի տեսակետը, նշեց, որ իրենք չեն պատրաստվում ոչինչ ներկայացնել և առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով, որի ընթացքում ցանկացած քառօրյային նախորդող հանձնաժողովի նիստին «Հայ ազգային կոգրես» խմբակցության ներկայացուցիչը կարող է հարց մտցնել օրակարգ և քվեարկություն կազմակերպել:
Լևոն Զուրաբյանը համաձայնեց, և այսպիսով՝ հարցի քննարկումը հետաձգվեց մինչև մեկ տարի ժամկետով:

Նախորդ հոդվածը‘ՄԱԳԱՏԷ-ի սերվերը կոտրած ցանցահենները պահանջել են դադարեցնել իրանցի միջուկագետների հետապնդումը’
Հաջորդ հոդվածը‘Տորոնտոյում կանացի կոշիկներով տղամարդիկ մասնակցել են կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված երթին (ֆոտոշարք)’