‘Ընտրակեղծարարության մեջ ևս մեկ մեղադրվողի գործը ուղարկվել է դատարան’

1118

Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՔԿ-ի լրատվական ծառայությունից:

«Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Վայոց ձորի բնակիչ Վ. Ստեփանյանը 2015 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, թիվ 39/39 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, որից հետո նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, եղբոր փոխարեն քվեարկելու պատրվակով կրկին մտել է նույն ընտրատեղամաս, ստացել քվեաթերթիկ և կատարել կրկնակի քվեարկություն: Նշված հանգամանքը հայտնաբերել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարինե Հաբեթյանը (ՀԱԿ – iLur.am) և գրավոր հաղորդում ներկայացրել ոստիկանության Վայքի բաժին», — ասված է հաղորդագրությունում:

Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ «մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը», խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նրա մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել դատարան:

Քրեական գործի նյութերով քննիչը հունվարի 20-ին որոշում է կայացրել այլ անձի փոխարեն քվեարկելուն Ստեփանյանին օժանդակելու մասով անջատել առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է։

Վայոց Ձորի Զառիթափ համայնքի թիվ 39/39 ընտրատեղամասում ԿԸՀ տվյալներով «այո»-ի օգտին ստացվել է 522 ձայն, «ոչ»-ի՝ 88:

Նախորդ հոդվածը‘Պերմյակովը իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում’
Հաջորդ հոդվածը‘Գրախոսական. Երվանդ Կյուրեղյան, «Իմ հուշերի ճանապարհով» (Երևան, 2009)’