‘Ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 1019 մահացածի անհատական տվյալներ’

1097

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 2013 թ. հունվարի 23-ին ամփոփվել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները:

Այսպես, ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 15308 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 12657-ին պարզաբանել են բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջները՝ քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեների հաշվառումից հանվելու և իրական բնակության վայրի հասցեներում հաշվառվելու վերաբերյալ, իսկ 2651-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել:

Արդյունքում՝ 22.01.2013 թ. դրությամբ 1377 քաղաքացիներ հաշվառվել են փոխհատուցման կարգով ստացած նոր բնակելի տարածությունների հասցեներում:

Մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 1019 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չի տեղեկացվել:

Բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով բնակչության պետական ռեգիստրի պահոցից առանձնացվել են նաև այն հասցեները, որոնցում հաշվառված են 10 և ավելի քաղաքացիներ:

Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ծառայողները այցելություններ են կատարել 11924 հասցեներ, որոնցից 817-ում քաղաքացիներ չեն բնակվել, իսկ 278-ը եղել են սեփականատեր չունեցող հասցեներ, չհասցեավորված շինություններ, հիմնարկ-ձեռնարկություններ, հասարակական նշանակության օբյեկտներ:

Ոստիկանության աշխատակիցները սեփականատերերին պարզաբանել են տարածքային անձնագրային ծառայություններ դիմելու և իրենց բնակարաններում հաշվառված, սեփականության և օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու օրենսդրությամբ վերապահված իրավունքները:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան և Վրաստանը քննարկել են երկկողմ հարաբերությունները’
Հաջորդ հոդվածը‘Տանից դուրս է եկել ու չի վերադարձել ապահով Հայաստանը’