‘Ընտրողն իր հայրանունը չի հիշել, անձնագիրը թողել-փախել է ‘

1348

Քիչ առաջ 9/18 ընտրատեղամասում ընտրողը, որը կասկածներ է առաջացրել, թողել է ձեռքի անձնագիրն ու փախել ընտրատեղամասից: Անձնագիրը պատկանում է Գուրգեն  Արտաշեսի Ղազախեցյանին: «Առավոտի» փոխանցմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Աբգար Սարգսյանը երբ փորձել է պարզել, թե արդյոք այդ մարդն իր անձնագրո՞վ է եկել, նկատել է, որ անձնագրում գեր, սպիտակ մազերով մարդ է, իսկ ինքը՝ նիհար, ոչ այդքան սպիտակ եւ սեւահեր: Տեղում հարցրել է իր հայրանունը: Ընտրողը մի քանի անգամ հարցնելուց հետո ասել է, որ չի հիշում իր հոր անունը: Հանձնաժողովի նախագահ  Սամվել Ներսիսյանը (ՀՀԿ) լրագրողներին վստահեցրեց, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խախտում էլ չի գտնվել: Ինչ վերաբերում է տեղամասում գտնված անձնագրին, նրա խոսքերով՝ «Շատ էլ նման էր անձնագրի նկարին: Մարդը վատ էր զգում, անձնագիրը թողեց, դուրս եկավ: Մինչեւ ոստիկանությունը չասի՝ նման է իրեն, թե չէ, վստահված անձը չի կարող դա հաստատել»: Հանձնաժողովի նախագահը քիչ անց այլ վարկած առաջ քաշեց, որ կարող է ընտրողը խմած էր, դրա համար իր հոր անունը չէր իմանում եւ դրա համար անձնագիրը թողեց ու դուրս եկավ:

Հիշեցնենք, որ նման մի դեպք է տեսանկարահանել  iLur.am-ի թղթակիցը առավոտյան, երբ մի երիտասարդ տեղամասի միջանցքում նախ մի քանի րոպե զրուցեց «Հանրապետականի» վստահված անձ ներկայացած երիտասարդի հետ, ապա մոտեցավ քվեաթերթիկ ստանալու: Խնդրեցինք ցույց տալ անձնագիրը: Անձնագիրը պատկանում էր Վիգեն Անդրանիկի Սարգսյանին, սակայն լուսանկարում պատկերված մարդը եւ անձնագիրը ներկայացնողը  ակնհայտորեն տարբեր մարդիկ էին: Հանձնաժողովի անդամը փորձեց տվյալներ իմանալ, պարզվեց, որ Սարգսյան Վիգեն ներկայացող քաղաքացին մոռացել է իր անունը եւ ծննդյան տարեթիվը: Երբ հանձնաժողովի նախագահը վերցրեց անձնագիրը  ստուգելու, երիտասարդը այն խլեց նրա ձեռքից եւ փախավ: Հանձնաժողովի նախագահը «չհասավ» նրա հետեւից, իսկ տարածքում հերթապահություն անող ոստիկանները «չնկատեցին» նրան:

\"\"

Նախորդ հոդվածը‘Գծերից հանվել է 28 համարի երթուղայինը’
Հաջորդ հոդվածը‘Գայանե Ղազարյան. Բոլոր թեկնածուներն ապահովեցին լազաթ ընտրություններ’