‘Ընտրությունները չեն հանգեցրել մարդկային զոհերի, սակայն դրանով լավ նորություններն ավարտվում են. Գերմանական մամուլ’

1021

Միջազգային լրատվամիջոցները շարունակում են հետևել նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: «Հայկական ժամանակը» գրում է, որ ուշագրավ դիտարկումներով է երեկ հանդես եկել գերմանական հեղինակավոր «Tageszeitung» օրաթերթը: «Ակնհայտորեն այն մարդը չէ» վերնագրով հոդվածում, մասնավորապես նշվում է, թե «Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները չեն հանգեցրել անկարգություններով ուղեկցվող բողոքի ցույցերի ու մարդկային զոհերի, ինչպես 2008-ին էր, սակայն դրանով լավ նորություններն ավարտվում են»:

Հոդվածագիրը նշում է, թե «իշխանությունները կրկին գործի են դրել ողջ «խաղացանկը»՝ ճնշումներ ընտրողների վրա, քվեների գնում և «կարուսելներ», այսինքն՝ միևնույն անձանց կողմից՝ բազմակի քվեարկություն»: «Նոր՝ հին նախագահի համար երկրորդ ժամկետը ոչ դյուրին փորձություն կլինի: Հայաստանցիների 1/3-րդը ապրում է աղքատության շեմին: Երիտասարդ ու լավ կրթություն ստացած մարդիկ հեռանում են: Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացը տեղից չի շարժվում: Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կարող է ցանկացած պահի պայթել նոր թափով»,- գրել է լրագրողը, ապա հավելել,-«այս բոլոր խնդիրները իշխանությունների վճռական գործողությունների կարիքն ունեն, սակայն Սարգսյանը ակնհայտորեն այն մարդը չէ, որ ընդունակ է նման բանի»:

Իր հերթին, «Նեզավիսիմայա գազետա»-ն երեկ գրել է. «Հայաստանի հետընտրական խաղաղ ընթացքը կարող է խախտվել: Նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը լարվածություն է ստեղծում»: «Ազատության բազմաչարչար հրապարակը, որտեղ 2008 թվականին փորձում էր հաղթանակի հասնել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որոշ ժամանակով կարող է կրկին դառնալ հանրապետության քաղաքական կյանքի կենտրոնը»,- նշում է ՆԳ-ն:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ փետրվարի 22-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Որտեղ են «կերել-խմել» միջազգային դիտորդները. Մամուլ’