‘Ընտրություններն ավարտվեցին, սկսվեց առևտուրը’

1724

Եվ այսպես, նախագահական ընտրություններն ավարտված են, արդյունքները` հրապարակված: Սերժ Սարգսյանն իբր ստացել է մոտ 59 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանը` 37: Մեծ հաշվով` այս արդյունքները սպասելի էին, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ այս ընտրությունների արդյունքում բացահայտվեցին և դրական, և բացասական իրողություններ, որոնց էլ կփորձենք անդրադառնալ:

Սկսենք դրականից:

1. Հերթական անգամ հաստատվեց այն իրողությունը, որ ժողովրդի մեծամասնությունը տանել չի կարողանում այս իշխանություններին, և եթե անգամ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը լիներ որևէ «պոլի փետ», դարձյալ հաղթելու էր մեծ առավելությամբ: Փաստորեն, անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ ջախջախել Սերժ Սարգսյանին:

2. Այս ընտրությունները ցույց տվեցին, որ հայաստանցիների մեծ մասն այնուամենայնիվ կարողացավ դիմակայել ճնշումներին, կամքի ուժ ցուցաբերեց և ընտրեց ընդդիմության ներկայացուցչին, իսկ ահա Սերժ Սարգսյանի«ձայներն» ապահովվեցին գոյություն չունեցող ընտրողների, լցոնումների և թվանկարչության շնորհիվ: Այսինքն` մի ամիս շարունակ Սերժ Սարգսյանը փորձում էր գեղեցիկ ճառերով խաբել ժողովրդին, բայց ժողովուրդը չխաբվեց:

Հիմա անդրադառնանք բացասականին:

1. Ինչպես միշտ, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո առաջին հարցը, որ մարդիկ տալիս էին իրար, հետևյալն էր. տեսնես իրականում ո՞վ քանի տոկոս է ստացել: Ավելին` այս անգամ անորոշությունը շատ ավելի մեծ էր, որովհետև շատերն իրենք իրենց հարցնում էին` տեսնես իշխանությունները միայն Սերժի՞ օգտին են կեղծել, թե՞ մի քիչ էլ Րաֆֆիին են օգնել: Որևէ հիմք ունեն այս կասկածները, թե ոչ` էական չէ, էականն այն է, որ կան այդպիսի կասկածներ:

2. Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ հաղթել է: Ոչ թե այն իմաստով, որ ավելի շատ տոկոս է ստացել (բոլորն էլ գիտեն, որ դրանք կեղծ թվեր են), այլ այն իմաստով, որ ի վերջո հասել է իր նպատակին`«հաղթել է» հատկապես այն մրցակցին, որին կցանկանար տեսնել «ընդդիմության առաջնորդի» դերում: Պատահականություն էր սա, թե ոչ` դժվար է ասել, բայց պատահաբար այնպես է ստացվել, որ մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմության լիդերներից միակն էր, ով մասնակցեց Սերժ Սարգսյանի ինագուրացիային, հետո Րաֆֆի Հովհաննիսյանը միակն էր, ով հրաժարվեց մասնակցել ընտրակեղծիքների դեմ պայքարի միասնական շտաբի աշխատանքներին, հետո «Ժառանգությունը» միակն էր, որի նախընտրական ցուցակը համալրված էր նախագահականից երաշխավորված կադրերով, հետո էլ (դարձյալ «պատահաբար») Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական ընդդիմության միակ պաշտոնական թեկնածուն էր նախագահական ընտրություններում:

Սրանք իսկապես էլ կարող են պատահականություններ լինել, բայց տարօրինակ է, որ պաշտոնապես ավելի քան կես միլիոն ձայն ստանալով և լավ իմանալով, որ իրականում հաղթել է, Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ոչ թե հանրահավաք է հրավիրում, այլ ասուլիս: Ասուլիսներ սովորաբար հրավիրում են դահլիճներում, իսկ հրապարակը հանրահավաքի համար է: Տվյալ դեպքում «միջանկյալ տարբերակն» անհասկանալի է, և Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է ծիծաղելի վիճակում հայտնվել: Մի անգամ, օրինակ, հայտնի բանաստեղծներից մեկը դպրոցում աշակերտների հետ հանդիպման էր գնացել, ուսուցչուհին էլ մտածում էր` բանաստեղծին ներկայացնելիս օգտագործել «առնակա՞ն», թե՞ «հաղթանդամ» բառը, և ի վերջո այնքան շփոթվեց, որ ընտրեց «ոսկե միջինը» և բանաստեղծին անվանեց «առնանդամ մարդ»:

3. Ընտրությունները բացահայտեցին ևս մի բացասական իրողություն: Այն է` պարզվեց, որ ընդամենը գեղեցիկ առոգանությամբ խոսողն ու մարդկանց ձեռքով բարևողը կարող է 15 անգամ ավելի շատ ձայն հավաքել, քան կոնկրետ, մանրակրկիտ մշակված ծրագիր ներկայացնողը:

Ինչևէ:  «Ընտրությունները» մնացին հետևում, և հիմա շատերին միայն մի հարց է հետաքրքրում` որո՞նք են լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ քայլերը: Ամեն ինչ, իհարկե, պարզ կդառնա արդեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում, բայց հաշվի առնելով նրա թիմակիցների հակասական հայտարարություններն ու տոնայնության կտրուկ տատանումները` այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե կողմերն ուղղակի առևտուր են անում: Ընդ որում` Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ժամանակ չունի. պիտի արագ որոշի` պաշտոնապես համաձայնվու՞մ է ընդունել «ընդդիմության լիդերի» կարգավիճակը (բոլոր «կոմունալ հարմարություններով»), թե՞ այնուամենայնիվ նաև պաշտոններ է ուզում: Նա, ամենայն հավանականությամբ, կընտրի առաջին տարբերակը: Սերժ Սարգսյանը դրա համար նույնիսկ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզոհաբերի: Րաֆֆիի նման հարմար «գլխավոր ընդդիմադիր» ունենալը թանկ հաճույք է:

Մարկ Նշանյան

«ՉԻ»

Նախորդ հոդվածը‘Լուկաս Պոդոլսկի. Մենք դեռ կարող ենք «Բավարիային» հաղթել’
Հաջորդ հոդվածը‘ՊԵԿ նախագահի հավաստմամբ «Կարֆուրը» կգա Հայաստան (տեսանյութ)’