Ընտրություններ Վրաստանում․ Ընդդիմությունը քաղաքների համար պայքարի է պատրաստվում

959

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղական ընտրություններում ստացել է քվեների գրեթե կեսը․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ տեղական ընտրություններում կուսակցական ցուցակներով քվեարկության արդյունքում «Վրացական երազամքը» հավաքել է 47 %։

Սակայն կուսակցության՝ քաղաքապետների թեկնածուներն առաջին փուլում չեն հաղթել հինգ ինքնիշխան քաղաքներից ոչ մեկում, և ընդդիմությունը պատրաստ է պայքար մղել երկրի գլխավոր քաղաքներում քաղաքապետի  ընտրությունների երկրորդ փուլում։

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անակնկալ այցը և ձերբակալությունը, հնարավոր է, ոգևորել է ընդդիմության մի մասին։ Ընդդիմությունն այս ընտրությունները անվանել է արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանրաքվե և պնդում է, որ դրանք պետք է վերջ դնեն «Վրացական երազանքի» իննամյա կառավարմանը։ Այդ սպասելիքները ընդդիմությունը կապում է այս տարվա գարնանը ԵՄ-ի միջնորդությամբ Վրաստանի քաղաքական ուժերի միջև կնքված պայմանագրի կետերից մեկի հետ, ըստ որի՝ եթե իշխող կուսակցությունը տեղական ընտրություններում ստանում է ձայների 43 %-ից պակաս, ապա հաջորդ տարի պետք է կայանան խորհրադարանի արտահերթ ընտրություններ։

Իշխող կուսակցությունը, որը կնքել է այդ պայմանագիրը, սակայն հետո դուրս է եկել դրանից, հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքների հիման վրա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը բացառում է։

Կրքերն ավելի են բորբոքվել ընտրությունների նախօրեին, երբ Վրաստանը ութ տարի առաջ լքած և հեռակա դատապարտված  նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անակնկալ կերպով վերադարձել է և իր կողմնակիցներին կոչ արել հոկտեմբերի 3-ին շարժվել դեպի մայրաքաղաք՝ «հանրաքվեի արդյունքները պաշտպանելու համար»։

Ցուցակներով քվեարկության վերաբերյալ ընդդիմության ակնկալիքները չեն արդարացել․ ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ իշխող կուսակցությունն ստացել է ձայների 47 %-ը՝ զգալիորեն առաջ անցնելով մրցակիցներից։ Ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ Սաակաշվիլիի ստեղծած «Միացյալ ազգային շարժումը», հավաքել է ձայների  մոտավորապես 31 %-ը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄերկելի հեռանալը հնարավորություն է Մակրոնի համար՝ դառնալու Եվրոպայի առաջնորդը
Հաջորդ հոդվածըՖրանսիացի կաթոլիկների շրջանում հազարավոր մանկապիղծ հոգևորականներ են հայտնաբերվել