‘Ընտրվեց Երուսաղեմի պատրիարքի տեղապահ ‘

870

Երուսաղեմի Սուրբ Հակոբեանց միաբանությունը նախօրեին կայացած ժողովի արդյունքում Երուսաղեմի Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրել Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին: 

Մեդիամաքս-ի փոխանցմամբ՝ Երուսաղեմից հաղորդել է Սուրբ Հակոբեանց միաբանության անդամ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը միաբանության երիցագույն անդամն է եւ մինչ այդ զբաղեցնում էր պատրիարքարանի էկումենիկ եւ արտաքին հարաբերությունների պատասխանատուի պաշտոնը:    

«Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի օգտին քվեարկել է 18 հոգի: 8 ձայն ստացել էր պատրիարքի փոխանորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը»,- փոխանցել է Սուրբ Հակոբեանց միաբանության ներկայացուցիչը:  

Ըստ պատրիարքարանի կանոնադրության, պատրիարքի տեղապահը պարտավոր է 40 օրվա ընթացքում կազմակերպել է նոր պատրիարքի ընտրությունները: Այդ ընթացքում նա նաեւ ստանձնում է պատրիարքի պարտականությունները: 

Երուսաղեմի պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը երկար հիվանդությունից հետո վախճանվել էր կյանքի 93-րդ տարում: Վաղը կկայանա նրա հոգեհանգստի արարողությունը:

Նախորդ հոդվածը‘Դամասկոսը ՄԱԿ-ին է փոխանցել Սիրիայում ձերբակալված 108 արտասահմանցի գրոհայինների ցուցակը’
Հաջորդ հոդվածը‘Իրանում ուսանողների տեղափոխող ավտոբուս է շրջվել, 21 մարդ զոհվել է’