‘Ըստ ԵՄ դեսպանի, Հռոմի օդանավակայանում «բանտարկված» ՀՀ քաղաքացիները «ձեւեր են թափում» ‘

1147

Ապօրինի միգրանտները երբեմն դիմում են «զգայացունց» հնարքների, որպեսզի իրենց վրա ուշադրություն սեւեռեն, որովհետեւ այլ գործիքներ չունեն: Հռոմի օդանավակայանում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին տեղեկատվությունն այսպես մեկնաբանեց Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչ դեսպան Տրայան Հրիսթեան:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, մոտ երեք շաբաթ է՝ Եվրոպական միության տարբեր երկրներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օդանավակայաններում եւ օդանավակայանների մաքսային կետերում անհասկանալի եւ ընդգծված կոպիտ վերաբերմունքի են արժանանում: Վերջին թարմ դեպքը տեղի է ունեցել մարտի 20-ին Aravot.am-ի տեղեկություններով՝ այդ օրը նույնիսկ քաշքշուկ է տեղի ունեցել հայաստանցիների եւ Իտալիայի օդանավակայանի ոստիկանների միջեւ. ոստիկանները մարդկանց հրել գցել են գետնին: 
«Միգրացիայի խնդիրը շատ նուրբ խնդիր է, երբ այն անօրինական երանգավորում է ստանում: Հակված եմ կարծելու, որ երբեմն մարդիկ դժվար իրավիճակներում այլ մեթոդների դիմելու գայթակղություն են ունենում», — ասաց դեսպան Հրիսթեան:

Համենայնդեպս, դեսպանը, իր իսկ խոսքով, անօրինական միգրացիայի թիրախ դարձած եվրոպական երկրների, մասնավորապես, Իտալիայի համապատասխան պետական մարմինների պրոֆեսիոնալ կարողություններին չի կասկածում:

Հայաստանի ԱԳ նախարարության՝ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանն իր հերթին, արժանահավատ չի համարում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ Հռոմի օդանավակայանում դրսեւորած վատ վերաբերմունքի մասին տեղեկությունները: Ավելին՝ նա հակառակ ինֆորմացիան ունի: «Հռոմում Հայաստանի դեսպանության աշխատակիցները տեղում են եւ մշտակնա ուշադրության տակ են պահում մեր քաղաքացիներին: Նաեւ նախորդ (մարտի 9-ի) դեպքից ելնելով կարող եմ ասել, որ վատ վերաբերմունք չկա», — ասաց Լիլոյանը: 

Նախորդ հոդվածը‘Թուրքերը ՈւԵՖԱ-ին մեղադրել են Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները կեղծելու մեջ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Ազատության հրապարակում’