‘Ըստ ԼՂՀ ոստիկանության` իրենք «կանխել են» հասարակական կարգի «հնարավոր խախտումները»’

2283

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Բերձոր չհասած ճանապարհին ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են Հիմնադիր խորհրդարանի կողմից «Դեպի Արցախ» ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Վիրավորվել է Նոյան Տապան-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ: Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ Ստեփանակերտից երթի մասնակիցներին դիմավորելու եկած քաղաքացիները, այդ թվում ազատամարտիկներ:  

Քիչ առաջ տեղի ունեցածի իր ավելի քան «ուշագրավ» վարկածն է ներկայացրել ԼՂՀ Ոստիկանությունը:

Ահա այդ վարկածն ամբողջությամբ` ստորեւ.

«ԼՂՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից կազմակերպվել է ավտոերթ դեպի Արցախ, որը բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն  շրջանակներում  և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։  

Հաշվի առնելով նշված հանգամանքները և հասարակական կարգի հնարավոր խախտումները՝  ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում։ Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո։ 

Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողություների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:  Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում:

Նշված միջադեպի մասին ԼՂՀ ոստիկանությունն առաջիկայում ևս կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ»:

 

Նախորդ հոդվածը‘Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխել են Վայքի հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդը» հաղթել է «Լեսթերին» (տեսանյութ)’