‘Ըստ ոստիկանության՝ Ազատության հրապարակից բերման ենթարկվածներից 2-ի մոտ զենք է հայտնաբերվել’

1268

Քիչ առաջ ոստիկանությունը բավականին ուշագրավ մի պարզաբանում է տարածել երեկ կեսգիշերին մոտ Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին բերման ենթարկելու կապակցությամբ: Ինչպես նշում է ոստիկանությունը, երեկ Ազատության հրապարակից բերման ենթարկվածներից 2-ի մոտ ատրճանակ է հայտնաբերվել: Սակայն չի նշում այդ քաղաքացիների անունները, հայտնի չէ նաև՝ նրանց մոտ ինչ ատրճանակ է հայտնաբերվել, և այդ քաղաքացիների հետագա ճակատագիրը: Չի բացառվում, որ ատրճանակ կարող էր հայտնաբերվել քաղաքացիական հագուստով ոստիկաններից մեկի մոտ: Նրանք երեկ Ազատության հրապարակում ակցիայի մասնակիցներից շատ էին: Մինչև ոստիկանությունը չհրապարակի բերման ենթարկված քաղաքացիների անունները՝ ստորև ներկայացվող հայտարարության արժանահավատությունը մնում է խիստ կասկածելի.

Երեկ, ժամը 22-ի սահմաններում, Երևանի Ազատության հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, որոնք, իրենց ներկայացնելով, այնտեղ ինքնաբուխ հավաքվել էին Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու նպատակով: Հավաքի՝ բերման ենթարկված մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ:

ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային իրավունքի նորմերով և Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով ամրագրված արժեքներին և կանոններին, մշտապես երաշխավորել և երաշխավորում է խաղաղ հավաքների բնականոն ընթացքը և մշտապես հանդուրժողական մոտեցում է դրսևորում, քանի դեռ հավաքները կրել են խաղաղ բնույթ:

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հանրային միջոցառումը, որին մասնակցում են զինված անձինք, ինչով էլ դա պատճառաբանված լինի, և անկախ զենք կրելու օրինականությունից, չունի Սահմանադրության և օրենքի պաշտպանությունը և չի կարող հանդուրժվել, հաշվի առնելով դրա հնարավոր ծանրագույն հետևանքները:

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հավաքներին զինված մարդկանց մասնակցությունը պահանջում է օրենքով ամրագրված կտրուկ միջոցների անհապաղ կիրառում, որպեսզի հավաքի խաղաղ մասնակիցները և հասարակությունը չկրեն անդառնալի և ծանր վնասներ:

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով կարող է դադարեցնել հավաքն այն դեպքերում, երբ առաջացել է այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման անմիջական վտանգ:

Նախորդ հոդվածը‘Էնրիկե. «Բոլորս մտածում ենք, որ առաջիկա տարիներին Մեսսին կմնա «Բարսելոնայում»»’
Հաջորդ հոդվածը‘Moody’s-ը իջեցրել է Հայաստանի վարկանիշը մինչև Ba3’