‘Ըստ վարչապետի՝ կառավարությունը կարկուտից տուժածների համար արեց առավելագույնը ‘

810

Այսօր Արմավիրի մարզում տեղի է ունեցել կառավարության արտագնա նիստը, որը վարել է վարչապետ Տ. Սարգսյանը, ով ըստ երեւույթին, պաշտոնապես փակված է համարել կարկտահարությունից տուժածների թեման: Այսպես, նիստում կառավարությունը «կարկտահարության պատճառած վնասը մեղմելու նպատակով գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով զիջել ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով մարզի Նալբանդյան, Գետաշեն, Ակնաշեն, Շենիկ, Վանանդ և Արշալույս համայնքների շահառուների 2011, 2012 թթ. ստանձնած պարտավորությունները»։ Նշվում է նաեւ, թե կառավարությունը փոփոխել է մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` նպատակ ունենալով մեղմել Արմավիրի և Լոռու մարզերի կարկտահարության հետևանքով հողօգտագործողներին պատճառած վնասը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած` գյուղատնտեսության նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսության վերականգնման ծրագրի իրականացման կարգը։ Դրա կիրառումը կնպաստի համայնքների վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործմանը, գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացմանը։ Ծրագրի արժեքն է շուրջ 175 մլն դրամ։

Այդ կապակցությամբ Տ.Սարգսյանն հայտարարել է, թե. «Սրանով ավարտում ենք քննարկումը Արմավիրի մարզին նվիրված բոլոր այն հարցերի, որոնք իր զեկույցում բարձրացրեց նաև մարզպետը։ Իհարկե, ինչքան էլ որ մենք փորձենք օգնել մեր գյուղացիներին, հասկանալի է, որ այդ օգնությունը բավարար չէ։ Բայց նաև փաստ է, որ մենք արեցինք առավելագույնը, որպեսզի նվազագույնի հասցնենք կարկուտի պատճառով եղած բացասական հետևանքները, և արմավիրցիներն իրականում զգացին, որ պետությունն իրենց կողքին է։ Բոլոր գործիքները, որոնք մենք ունեինք, կիրառել ենք, որպեսզի թեթևացնենք այն բեռը, որ այս աղետալի կարկուտի պատճառով ընկել է մեր քաղաքացիների վրա»։

Նախորդ հոդվածը‘Իտալական մաֆիան ծրագրել էր սպանություններ իրականացնելիս օգտագործել մինի-անօդաչու սարքեր ‘
Հաջորդ հոդվածը‘Գյուղապետը արտագաղթել է, կառավարությունը նոր ընտրություն անցկացնելու որոշում է կայացրել ‘