‘Ըստ Տիգրան Մուկուչյանի՝ ընտրացուցակները ոչ բոլորի համար են գաղտնի’

992

Սահմանադրական դատարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խնդրեց մերժել նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն երեկվանից քննում է թեկնածուների դիմումները, որոնցով Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը պահանջում են չեղյալ ճանաչել 2013-ի փետրվարի 25-ի ԿԸՀ որոշումը, համաձայն որի՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը: 

Հայցով պատասխանող Տիգրան Մուկուչյանը, որպես իր խնդրանքի հիմնավորում, ներկայացրեց մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, ըստ նրա՝ ԿԸՀ-ն եւ համապատասխան ԸԸՀ-ները պատշաճ ձեւով քննարկել եւ համապատասխան որոշումներ են կայացրել վերահաշվարկների մասով: Ինչ վերաբերում է քվեարկությանը մասնակցած անձանց ընտրացուցակների հրապարակայնացման հարցին, ապա, Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ վերահաշվարկներին մասնակցած թեկնածուների լիազոր ներկայացուցիչները հնարավորություն ունեին ծանոթանալ քվեարկությանը մասնակցած անձանց մասին տվյալներին: 

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հարց ուղղեց Մուկուչյանին. Տեղամասային հանձնաժողովների յուրաքանչյուր անդամ, իր պարտականություններին անցնելիս, ընթերցում եւ ստորագրում է պարտավորություն՝ օրենքներին համապատասխան գործելու մասին: Արդյո՞ք այդ ընթացակարգը պահպանվել է բոլոր դեպքերում: ԿԸՀ նախագահը հաստատեց, որ այդպես էլ եղել է:  

«Փետրվարի 18-ի ընտրություններից հետո հանձնաժողովներում իշխանությունը չներկայացնող քաղաքական ուժերի առաջադրած 15 652 անդամներից միայն մեկն է, որ անհամաձայնություն է հայտնել քվեարության արդյունքրերի վերաբերյալ: Այսինքն, ճի՞շտ է, որ 15 651 մարդ իրենց ստորագրությամբ վավերացրել են քվեարկության արդյունքները», — հարցրեց ՍԴ նախագահը: Տիգրան Մուկուչյանը հաստատեց՝ այո:

Գագիկ Հարությունյանը նշեց նաեւ, որ քվեարկության օրը տեղամասերում եղել է 5038 վստահված անձ, դրանցին 1009-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: 1426 տեղամասային հանձնաժողովներում դիտարկում են անցկացրել 4469 դիտորդներ, եւ 1321 ՏՀ-ներում՝ 1993 լրագրող: Փաստորեն, ըստ Գագիկ Հարությունյանի՝ 27 152 մարդ մասնակցել է այս գործընթացին, օրենքով, որոշակի իրավասությամբ եւ պատասխանատվությամբ վերահսկողական գործառույթներ է իրականացրել: Խախտումների վերաբերյալ ահազանգեր ներկայացվել են 247 դեպքում՝ դատախազություն,  276-ը՝ ոստիկանություն:

Տիգրան Մուկուչյանը խոստովանեց, որ վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար ժամկետները խիստ սահմանափակ են, այդ պատճառով ԿԸՀ-ն «ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող հասցնել սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկներ իրականացրել»:  Դրա համար, ըստ ԿԸՀ նախագահի, հիմնականում գրանցամատյաններն են այն աղբյուրները, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել խախտումների վերաբերյալ: Մուկուչյանի խոսքով՝ նախատեսել, որ որեւէ վստահված անձ, հանձնաժողովի անդամ տեղերում ոչինչ չանի, եւ այդ ողջ ծավալի աշխատանքն ակնկալել ԿԸՀ-ից, ճիշտ չէ:

ՍԴ դատավորներից մեկը նկատեց, որ ոչ բոլորն են պրոֆեսիոնալ եւ երբեմն կարող են նահանջել իրենց դիրքերից՝ որոշակի հանգամանքների բերումով: Նա հարց ուղղեց պատասխանողին՝ արդյոք չի՞ գտնում, որ կարելի է քվեարկության արդյունքների բողոքարկման համակարգի արմատական փոփոխություններ նախաձեռնել, քանի որ դիմումատուների հիմնական բողոքն արդեն տարիներ ի վեր այդ է:

Մուկուչյանը պատասխանեց, որ գործող ԸՕ թույլատրած սահմաններում ԿԸՀ-ն իր գործառույթները լիակատար ծավալներով իրականացրել է: Նա նշեց նաեւ, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ այդ հարցերը քնարկելու համար: Սակայն, ըստ Տիգրան Մուկուչյանի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խորհուրդ չի տվել ընտրություններից անմիջապես առաջ ընտրական օրենսդրության մեջ արմատական փոփոխություններ կատարել: 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Ճնշման այս դոզայով Սերժ Սարգսյանը չի ընկրկի’
Հաջորդ հոդվածը‘Միայն իշխանափոխություն, որովհետեւ կիսատ-պռատ լուծումները ծնում են նոր խնդիրներ’