‘Ըստ քրգործի` բահով հարվածել է շարքայինի դեմքին, այնուհետև, զինվորական ծառայությունից ազատվելու նպատակով, կրակել իր վրա ‘

1368

Pastinfo.am-ի փոխանցմամբ` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել զինծառայողներ Հարություն Պետրոսյանի և Արթուր Աթասունցի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Թիվ N զորամասի զինծառայող, 20-ամյա Հարություն Պետրոսյանը, ըստ քրեական գործի նյութերի,  մի քանի անգամ բռնություն է գործադրել շարքային Է. Աղեկյանի նկատմամբ` ոտքերով և ձեռքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, սեռական բնույթի հայհոյանք տվել, այդ ամենից բացի` բահով հարվածել է շարքայինի դեմքին, անպարկեշտ ձևով ստորացրել վերջինիս պատիվն ու արժանապատվությունը:

Բացի այդ, Պետրոսյանը զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով անդամախեղման եղանակով իրեն կցված ինքնաձիգով կրակել է իր որովայնի ձախ շրջանին`պատճառելով առողջությանը ծանր վնաս:

Մեղադրանք է առաջադրվել նաև զինծառայող, 19-ամյա Արթուր Աթասունցին, ով ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Հարություն Պետրոսյանին` տալով  նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանք:  Բացի այդ, պարզվել է, որ Աթասունցը մարտական դիրքում գտնվելու ժամանակ, հերթապահության ընթացքում ոգելից խմիչք է օգտագործել:

Հարություն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով,  359-րդ հոդվածի  1-ին մասով,  358-րդ հոդվածի 2-րդ մասով,  360-րդ հոդվածի 2-րդ մասով,   363-րդ հոդվածի 4-րդ մասով և 333 –րդ հոդվածի 1–ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Արթուր Աթասունցին  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 358.1  1-ին և 2-րդ մասերով, 360 –րդ հոդվածի 2-րդ մասով,  365-րդ հոդվածի  1-ին մասով և 360-րդ հոդվածի 2-րդ մասով,  նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Այս հաղթանակով բոլորի բերանը փակեցինք (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին ՖԻՖԱ 2014-ի գովազդային հոլովակում (Տեսանյութ)’