‘Թա՛փ տուր մոխիրը չինովնիկի գլխին’

2224

Օրերս համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անցկացնող երիտասարդները վիճում են քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկի հետ: Առիթն այն է, որ անանուն չինովնիկը ծխախոտի մոխիրը թափ է տալիս իր աշխատասենյակի պատուհանից ներքեւ՝ ցուցարարների ուղղությամբ: Իսկ ակտիվիստների վրդովմունքին ի պատասխան՝ զայրանում է՝ «իմ կաբինետն ա, իմ պատուհաննա, իմ վարագույրն ա, ինչ կուզեմ, կանեմ»:

Իզուր են քաղաքացիները փորձում բացատրել պաշտոնյային, որ կաբինետն իր սեփականությունը չէ. նա ժամանակավորապես զբաղեցնում է այն՝ հանրային ծառայությունն իրականացնելու ընթացքում: Նա կրկնում է, որ «կաբինետն իմն ա՝ իմ տնօրինության տակ ա»:

Անանուն չինովնիկին կարելի է հասկանալ. իր «սպիտակ մազերի փորձով» նա գիտի, որ պաշտոնը ոչ թե հանրային ծառայություն է, այլ միջոց՝ կաբինետ, պատուհան, վարագույր ու «դրանցից բխող ավելի ծանրակշիռ» գույք ձեռք բերելու համար: Նա չգիտի, որ ոչ միայն պետք չէ ծխախոտի մոխիրը թափ տալ պատուհանից (մանավանդ, որ հաստատ գիտես՝ ներքեւում մարդիկ են կանգնած), այլեւ չի պատկերացնում, որ իր հասցեին հնչած արդարացի հանդիմանությանն ի պատասխան կարելի է ընդամենը «ներողություն» ասել իրենից երիտասարդ քաղաքացուն:

Փոխարենը՝ չինովնիկը դեմքի «տո դու ով դառար» արտահայտությամբ հակադարձում է՝ «ի՞նչ իրավունք ունես նստես պատուհանիՍ գոգին»: Դեմքի նույն արտահայտությամբ, որով օրեր առաջ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն (իսկ իր պատկերացմամբ՝ սեփականատեր) Միսակ Համբարձումյանը վիճում էր կանգառներում բողոքող երիտասարդների հետ:

Ի դեպ, քաղաքապետարանի դիմաց նստացույց անող երիտասարդների հիմնական պահանջը Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականն է: Վերջինս iLur.am-ի թղթակցի՝ տրանսպորտի թանկացումների վերաբերյալ հարցազրույցի հրավերին պատասխանել էր հայհոյելով

Ընդհանրապես, Երեւանի քաղաքապետարանի ականավոր ու անանուն չինովնիկների մանրումեծ զանցանքները վերջերս բավական շատ են հայտնվում լրագրողների օբյեկտիվի կենտրոնում: Օրերս էլ Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկն էր նկատել, որ քաղաքապետարանի ծառայողական մեքենաներով երթեւեկող պաշտոնյաները խախտում են ճանապարհային երթեւեկության կանոնները:

Կարելի է մտածել, որ լրագրողները, երկրի հազարումի խնդիրները մի կողմ թողած, նշանառության տակ են առել քաղաքապետարանի չինովնիկներին: Բայց փաստն այն է, որ անգամ անզեն աչքով ցանկացած «ճ» կլասի չինովնիկի հետ շփումը ջրի երես է հանում այն իրողությունը, որ սրանք «այլ հավասար պայմաններում» իրենց արտոնյալ են համարում: Նրանք երթեւեկում են առանց ամրակապվելու, ծխախոտի մոխիրը թափ են տալիս քաղաքացիների գլխին, հայհոյում են ցուցարարներին ու լրագրողներին, ու զարմանում են, երբ վերջիններն ընդվզում են: Որովհետեւ «բոլոր օրինախախտների դեմ անխտիր» անողոք պայքար մղող ոստիկանությունը, այսօր էլ, ինչպես տարիներ շարունակ, համառորեն չի նկատում սրանց:

Որովհետեւ սրանք կարծում են, որ ընտրությունների սեզոնին «էնքան ունեն արած» Պախանի ու ենթապախանների «հմար», որ այսօր կարող են երթեւեկել առանց ամրակապվելու, հայհոյել լրագրողներին, ծխել ու թափ տալ մարդկանց գլխին: Սրանք մոլորության մեջ են` մտածելով, որ իրենց լկտիությանն ի պատասխան` հասարակությունը սովորականի նման իրենց ու իրենց Պախանին կասի՝ « գնաքուներվերըչունեմ», կամ, ծայրահեղ դեպքում՝ Ազատության հրապարակի հարթակից կառաջարկի ս… լինել: Սրանց մոլորության մեջ չթողնելու համար պետք է խոսքից գործի անցնել:   

Պանդուխտ Արարատյան 

Նախորդ հոդվածը‘Մահացել է Մարկ Սաղաթելյանը’
Հաջորդ հոդվածը‘Իշխանությունները չորս միլիոն դոլար կվճարեն կալանավայրում մոռացված ամերիկացուն’