Թաթուլ Հակոբյան․ ԹՈՒՐՔԻ ցավ

4708

Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուքում գրում է․

«Արդեն բավական երկար ժամանակ 1900-1920-ական թվականների հայկական մամուլն եմ կարդում, որը հասանելի է Ազգային գրադարանում և նրա կայքում: Մոտ 10 տարի է աշխատում եմ «Հայ-թուրքական հարաբերությունները և Ադրբեջանը. 1917-1923 թթ» հատորի վրա:

Զարմանալիորեն նկատել եմ, որ Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո հայկական ներքաղաքական բանավեճում՝ ՀՅԴ-Հայ ժողովրդական կուսակցություն/հայ կադետներ, ՀՅԴ-Հնչակյաններ, ՀՅԴ-Բոլշևիկներ, Սոցիալիստ հեղափոխականներ-կադետներ, բոլշևիկներ-հնչակներ և այլն, միմյանց մեղադրելու համար 100 տարի առաջ մեր քաղաքական հայրերը հակառակորդներին մեղադրելու համար նրանց ԹՈՒՐՔ չեն պիտակավորել:

Սա հիշեցի, երբ մի քանի օր առաջ ցուցարարներից մեկը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թուրք է անվանում: Դե իսկ ընդդիմության շուրթերին է թուրք Նիկոլ և նման այլ ձևակերպումներ: Ժամանակին թուրքամետության մեջ պիտակավորել են նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որի նախագահության ժամանակ թուրքերը/ադրբեջանցիները ամենացավալի հարվածներն են ստացել, բայց սա այլ թեմա է:

Ցավալի է, որ 3000-ամյա հայ ժողովուրդն ու հայ քաղաքական միտքը այս ցածրամակարդակ բանավեճի մեջ է: Այսքանը: Լավ եղեք և փորձեք չվարակվել ԹՈՒՐՔԻ ցավով: Դա քաղաքական կուրության է տանում և մեծ հաշվով, պատիվ չի բերում մեզ, որպես ժողովուրդ:

Հ. Գ. Ուզում էի այս ստատուսի հետ 1908 թվականի Թիֆլիսի ՄՇԱԿ-ի մի ծաղրանկար դնել, բայց դա թողնում եմ այլ առիթի»:

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Իսկ դուք որտե՞ղ եք պահում աղամանը
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ «Լիվերպուլը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)