‘Թաիլանդի թագավորը հպատակներին կոչ է արել կայունություն պահպանել ‘

863

Թաիլանդի թագավոր Պհումիպոն Ադուլյադետը  իր հպատակներին կոչ է արել միավորվել և սատարել միմյանց՝ ի շահ երկրի ընդհանուր նպատակների: Այս հայտարարությունը, ըստ BBC News-ի, միապետն արել է դեկտեմբերի 5-ին՝ ելույթ ունենալով իր ծննդյան օրվա կապակցությամբ:

Ադուլյադետի խոսքով՝ Թաիլանդի խաղաղությունը կարելի է ձեռք բերել միայն ընդհանուր ջանքերով: Թագավորը կոչ է արել երկրի յուրաքանչյուր բնակչի իր ավանդը բերել թաիլանդացի ազգի «կայունությանն ու անվտանգությանը»:

Ինչպես նշում է BBC News-ը, թեպետ Թաիլանդում թագավորը իրականում որևէ իշխանություն չունի, նրա հրապարակային ելույթները, որոնցով նա հանդես է գալիս իր ծննդյան օրերին, արժանանում են հասարակության ուշադրությանը և հաճախ զգալի ազդեցություն են ունենում հասարակական կարծիքի ձևավորման հարցում: Reuters-ը նշում է, որ 86-ամյա թագավորին երկրի քաղաքացիներից շատերն ընկալում են որպես «ազգը միավորող հայր»:

Նոյեմբերի վերջից Թաիլանդում շարունակվում են ընդդիմության հակակառավարական զանգվածային ցույցերը: Գործող իշխանության հակառակորդները պահանջում են  երկրի վարչապետ Յինգլակ Չինավաթի անհապաղ պաշտոնանկությունը՝ նրան մեղադրելով այն բանում, որ փաստացիորեն՝ երկիրը ղեկավարում է նրա ավագ եղբայրը՝ 2006 թ. տապալված և հեռակա կարգով ազատազրկման դատապարտված  Թաքսին Չինավաթը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի ԱԳՆ ղեկավարը թվարկել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պայմանները’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիացի մարմնավաճառներ. Նոր օրենքը ձեռնտու է մաֆիային’