«Թալիբան»․ Կանանց իրավունքները կպահպանվեն «իսլամական իրավունքի շրջանակներում»

487

Թալիբները հայտարարել են, որ կանանց իրավունքներն Աֆղանստանում կպահպանվեն «իսլամական իրավունքի շրջանակներում», սակայն չեն մանրամասնել, թե հատկապես ինչ նկատի ունեն։ Հայտնի է, որ իսլամիստները հակված են չափազանց խիստ կերպով մեկնաբանելու շարիաթի օրենքները, որոնք այժմ Աֆղանստանում դարձել են գլխավոր օրենքներ։

Քաբուլում մի քանի բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն կանանց իրավունքների, դաժանաբար ցրվել են։ Կանանց հորդորել են մնալ տանը, մինչև երկրում անվտանգության իրավիճակը բարելավվի։

Վերջերս նոր իշխանությունը փակել է կանանց գործերով նախարարությունը՝ այն փոխարինելով առաքինության տարածման և արատներն արմատախիլ անելու նախարարությամբ։ Քսան տարի առաջ հենց այս գերատեսչությունն էր հաստատել խիստ իսլամական օրենքներ և կանաց նկատմամբ կոշտ սահմանափակումներ մտցրել։

Կիրակի օրը փակված նախարարության շենքի մոտ բողոքի ոչ մեծ ակցիա է տեղի ունեցել, որին մասնակցել են այդ որոշումից դժգոհ կանայք։ Եվս մի խումբ կանայք մամլո ասուլիս են տվել, որում պահանջել են պահպանել երկրի կին բնակչության իրավունքները։

«Մենք չենք ուզում, որ կանանց գործերով նախարարությունը փակվի,- հայտարարել է ցույցի մասնակիցներից մեկը։- Կանանցից ազատվելը նշանակում է ազատվել մարդկանցից»։

Կիրակի օրը նաև հայտնի է դարձել, որ մարդու իրավունքների պահպանման վերահսկողությունն իրականացնող մարմինը դադարեցրել է աշխատանքը թալիբների՝ իշխանության գալուց հետո։ Աֆղանստանում մարդու իրավունքների անկախ հանձնաժողովը (AIHRC) իր կայքում հաղորդել է, որ թալիբները գրավել են իր ամբողջ ունեցվածքը, այդ թվում՝ գրասենյակները, ավտոմեքենաներն ու համակարգիչները, ինչն անհնար է դարձնում իր գործունեությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիայում տարեց մարդկանց թիվը ռեկորդային ցուցանիշների է հասել
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 342 նոր դեպք, 12 մահ